Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության, այդ շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձի կարևորության և այդ ուղղությամբ Հայաստանում կատարված բարեփոխումների մասին:
«Հարգելի՛ գործընկերներ,
կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքներից մեկն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է:
Իսկ ինչո՞ւ է կարևոր պայքարել կոռուպցիայի և կլեպտոկրատիայի դեմ: Դա կենսական է, քանզի, իմ համոզմամբ, կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է: Այն խաթարում է ժողովրդավարությունը, խաթարում է օրենքի գերակայությունը՝ ազդելով իրավապահ մարմինների և դատական համակարգի վրա, այն ազդում է պետական մարմինների արդյունավետության, տնտեսական միջավայրի վրա եւ, ի վերջո, կարող է հանգեցնել ազգային ինքնիշխանության կորստի: Կոռուպցիան նաև կարող է ավտորիտար առաջնորդների առաջացման պատճառ դառնալ, առաջնորդների, որոնք օգտագործում են հանրային պաշտոնն անձնական օգուտի համար՝ դրանով վտանգելով ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում:
Կոռումպացված առաջնորդները կառչում են իշխանությունից իրենց հովանավորչական ցանցերի միջոցով և շահագործում օրենքի գերակայությամբ առաջնորդվող երկրներին՝ թաքցնելու և պաշտպանելու համար իրենց գողացված ակտիվները: Այս ղեկավարները նաև սովոր են ռազմավարական կոռուպցիան օգտագործել որպես արտաքին քաղաքականության գործիք: Կարծում եմ՝ ակտիվների թափանցիկությունը հնարավորություն կտա աշխարհին պայքարել կլեպտոկրատիայի դեմ՝ կոտրելով «գողանալ, քողարկել, ծախսել» շղթան:
2018թ. հայկական խաղաղ հեղափոխությունից հետո, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված այլ բարեփոխումների, ՀՀ կառավարությունն անդրադարձել է նաև նշված խնդրին: 2020 թ. փետրվարից Հայաստանում գործող ընկերությունները պարտավոր են ներկայացնել իրական սեփականատերերի և շահառուների մասին հայտարարագիր: Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի և շահառուների համար ստեղծվել է բաց ռեգիստր, որը հանրության համար նրանց դարձնում է թափանցիկ:
Ինչ վերաբերում է ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձմանը, 2020 թ. Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը նախատեսում է գույքի բռնագանձում առանց մեղադրական դատավճռի: Այն ոչ միայն կօգնի վերականգնել գողացված ակտիվները Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այլ նաև կիրառելի կլինի կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ դեպքերի համար: Օրենքի մշակման և ընդունման ժամանակ հաշվի է առնվել Եվրոպայի խորհրդի մի շարք երկրների փորձը նշված ոլորտում:
Այս օրենքի հիման վրա Գլխավոր դատախազությունում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, և այժմ մենք արդեն տեսնում ենք նշված կառուցակարգերը գործողության մեջ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի ունեցվածքի վերաբերյալ առաջին գործերն արդեն ուղարկվել են հայաստանյան դատարաններ, և մենք այժմ սպասում ենք բռնագանձման գործընթացի առաջին արդյունքներին: Սա նշանակում է, որ ժամանակն է մտածելու, թե ինչպես և ինչի համար ենք օգտագործելու բռնագանձված ապօրինի ակտիվները:
Այս տեսանկյունից քննարկվող բանաձևը և համապատասխան հանձնարարականը մեզ համար չափազանց կարևոր և օգտակար կլինեն:
Հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նշել, որ կարևոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք միավորել մեր ջանքերը կազմակերպված հանցավորության, այդ թվում՝ փողերի լվացման դեմ պայքարում, որն իր հերթին կօգնի մեզ ամրապնդել և պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները: Մենք գիտենք, որ ժողովրդավարական երկրները, ժողովրդավարական համակարգերը շատ հաճախ թիրախ են դառնում՝ օգտագործելով հենց լվացված փողերը: Այսպիսով, կարևոր է հասկանալ, թե ինչ կարող է անել ժողովրդավարությունը իրենց և միմյանց պաշտպանելու համար»,- եզրափակել է խոսքը Արուսյակ Ջուլհակյանը:
comment.count (0)