Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին
17:32 - 03 մայիսի, 2022

Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով՝ ընդդիմությունը շարունակ ասում է՝ փրկենք Արցախը, սակայն այդպես էլ չի մանրամասնում, թե ինչպես։ Ազգային ժողովի այսօրվա նիստին պատգամավորը մանրամասն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նաեւ ընդդիմադիրների՝ վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներին։

Նա նախ արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորները, իր խոսքով՝ «Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցությունները» դահլիճում չեն, քանի որ բողոքի ցույցեր են անում՝ անունը դրած Արցախի փրկություն, սակայն ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք եւ ինչ նպատակով են դա անում․ «Ես հավատում եմ, որ կան մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին առանց ուղղորդման, իրենք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, եւ այստեղ խնդիր չկա, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ բովանդակության բացակայությունը համառորեն քողարկվում է չստացված գրագողությամբ»։

Պատգամավորը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ բովանդակության բացակայություն ասելով․ «Ի՞նչ ենք լսում առավոտից իրիկուն․ փրկենք Արցախը, ձեր՝ Արցախը փրկելուն հավատացողներ դժվար լինեն, իսկ այ մարդիկ, ովքեր ապրել են Հայաստանում եւ Արցախում վերջին 20-30 տարիներին, եւ ճաշակել են ձեր կառավարման բարիքները, կազմում են մեր բնակչության մեծամասնությունը, հենց այս մարդիկ են ձեզ ասել՝ հեռացե՛ք, ավելին, մեզ էլ ասել են՝ եկե՛ք, կառավարե՛ք, պատերազմից հետո մենք իշխանությունը հետ ենք վերադարձրել ժողովրին եւ խնդրել, որ ժողովուրդը կրկին որոշի, թե ով պետք է իրեն առաջնորդի եւ դեպի ուր, եւ ժողովուրդը որոշել է, որ մեր քաղաքական թիմը իրեն պետք է առաջնորդի դեպի քաղաքականություն, դեպի զարգացում, եւ աշխարհում որեւէ մեկի մոտ կասկած չհարուցած ընտրությունների արդյունքներում ժողովուրդը ձեզ կրկին ասել է՝ ոչ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով․

«Ասում եք՝ փրկենք Արցախը, եւ ոչ մի բառ այն մասին, թե ինչպես։ Դուք քանի՞ երես ունենք, երբ պատերազմի ավարտից հետո ուրանում եք ձեր ոչմիթիզականությունը, մեզ՝ դավաճան ասում հողերը վերադարձրած չլինելու, պատերազմը չկանխելու համար»։ Ըստ Գրիգորյանի՝ ընդդիմադիրները հիմա հարթակից նորից դարձել եք ոչ միայն ոչմիթիզական, այլեւ վերբալ սպարապետներ․ «Հետ եք բերել Հադրութը, Շուշին, ծնկի եք բերել Ադրբեջանին, բայց Երեւանի կենտրոնում՝ հարթակից, եւ լավագույն օրինակը, թերեւս, թե ինչպես պետք է փրկեք Արցախը, Գեղամ Մանուկյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցրած պատասխանն է, թե հիմա հո ռազմաքաղաքական դասախոսություն չե՞մ կարդալու, իսկ երբ Պետրոս Ղազարյանը պնդեց, Մանուկյանն ասաց՝ դե մի անգամ հետ ենք բերել, էլի կբերենք»,- հիշեցրեց նա՝ հավելելով․ «Արձանագրենք, որ Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ»։

Անդրադառնալով «չստացված գրագողությանը»՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրները որոշել են կրկնել 2018-ի մեծ ու փոքր տեխնոլոգիաները, բայց էլի թարս են հասկացել․ «Ե՞րբ եք տեսել ցույցի կազմակերպիչը ոստիկան հայհոյի, սպառնա կամ համախոհներ ավելացնելու փորձերը ձախողելով՝ ասի՝ ջհանդամ միանաք, այսինքն՝ Լաոն չի զարթնում, ջհանդամ զարթնի՞։ Կամ այսօր Մանուկյան Գեղամ անունով դաշնակ պատգամավորը ուսանողներին ասում էր՝ թե չմիանաք, թքեք ձեր երեսներին, չե՞ք մտածել, որ ձեր ասած գործողությունը մարդիկ վաղուց արել են եւ հասցեագրել են լրիվ ուրիշ ուղղությամբ»։

Հիշեցնելով Արթուր Վանեցյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը, թե «Միացե՛ք, հայե՛ր» կարգախոսը ինքնաբուխ է ծնվել շարժման արդյունքում՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Մի կարգախոս էլ կա․ «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», բայց քանի դեռ ինքնաբուխ կերպով չեք օգտագործել սա, միշտ հիշեք, որ հենց դուք եք այն մարդը, ումից մարդիկ փրկվել են 4 տարի առաջ, իրենք իրենց փրկել են ձեզնից,որ այլեւս երբեք չթալանեք, չբռնանաք, չկործանեք»,- եզրափակեց պատգամավորը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել