Հռիփսիմե Գրիգորյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1988թ. սեպտեմբերի 18-ին Երևանում:

2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ: 2011թ.՝ Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) քաղաքագիտության ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս:

Մասնակցել է «Ֆեդերալիզմ, ապակենտրոնացում և հակամարտության կարգավորում» (2010թ., Ֆրիբուրգի համալսարան, Շվեյցարիա) և «Ժողովրդավարացման մարտահրավերներ» (2012թ., Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիա, Շվեդիա) դասընթացներին:

2009թ. եղել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի օգնական: 2012թ.՝ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հետազոտողի օգնական: 2012-2017թթ.՝ Գոտենբուրգի համալսարանի «Ժողովրդավարության տեսակներ» ծրագրի հետազոտող: 2013թ.՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» ՀԿ կրթության մասնագետ: 2013, 2015, 2017թթ.՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի լրատվության մասնագետի ավագ օգնական: 2014թ.՝ «STDev ցանցի և հավելվածների զարգացման կազմակերպության» գործարար զարգացման կառավարիչ: 2014-2015թթ.՝ «Գրիգ թրեվլ» ՍՊԸ համահիմնադիր-տնօրեն: 2016-2018թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգող, մարկետինգի և խթանման վարչության խորհրդական: 11.06.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ, 2011 թվականից՝ «Հիմա» ՀԿ անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը՝ ԵԽԽՎ օրակարգում
 |1lurer.am|

Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը՝ ԵԽԽՎ օրակարգում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Լիագումար նիստի բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսն անդրադարձել է անդամ երկրներում տեղի ունեցող ողբերգություններին, պատերազմներին, հիշատակել նաև Լեռնային Ղարաբաղում կատարվածը։ Մինչ նստաշրջանի մեկնարկը՝ ԵԽԽՎ պատվիրակները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Թինի Կոքսն իր խոսքում նշել է, որ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը որոշում է կայացրել, որ վեհաժողովի առաքելությունը պետք է այցելի Լեռնային Ղարաբաղ՝ սեփական աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ։ Վեհաժողովը կողմ է քվեարկել նաև «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու՝ Բյուրոյի առաջարկին։ Քննարկումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Նստաշրջանի առաջին օրը հայ պատվիրակները ևս մեկ անգամ բարձրաձայնել են Բաքվի ագրեսիվ քաղաքականությունը: Հռիփսիմե Գրիգորյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ավելի քան 100 հազար մարդ լքել է ոչ միայն իր տունն ու հայրենիքը, այլ նաև հողը, որտեղ իրենց նախնիներն են ապրել, արարել տասնյակ դարեր: Կան բազմաթիվ հարցեր այստեղ բարձրաձայնելու, բայց ամենակարևորը մեկն է՝ այս կառույցը չունի բավականաչափ գործիքներ, թե չկա բավարար քաղաքական կամք: Անհաշվելի են Եվրոպական խորհրդի այն բոլոր կոնվենցիաները, օրենքները, որոնք խախտել է Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում: Իրականում պետք է հասկանալ, թե որոնք են այն գործողությունները, որոնք կկանխեն բռնությունն ու էթնիկ զտումը: Խոսելով բանկացությունների մասին... հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված էր հնգակողմ հանդիպում: Վերջին պահին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց մասնակցել դրան: Սա ապացուցում է, որ նա մտադրություն չունի Հայսատանի հետ խաղաղության գնալու: Ես ուզում եմ շեշտել այն երեք հիմնական սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնված լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Երկուստեք պետք է ընդունվեն տարածքային ամբողջականությունը և երկրների ինքնիշխանությունը, պետք է սահմանազատում տեղի ունենան 1991 թվականին Ալմա Աթայի պայմանագրի հիման վրա, իսկ տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակումը` պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Բոլոր գործընկերներիս կոչ եմ անում միանալ Գրանադայի հայտարարությանը: Հորդորեք ձեր կառավարություններին գործադրել բոլոր ջանքերը Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար: Միայն գործելով և ոչ թե խոսելով կարող ենք խաղաղ ապագայի հնարավորություն ունենալ: Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ես հիշում եմ՝ այս տարվա հունվարն էր, երբ ես այս ամբիոնից հորդորեցի դիմել հրատապ քայլերի, հակառակ դեպքում ուշ կլինի: Ես հիշում եմ, երբ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակված էր, ես ձեզ խնդրեցի ընդունել հայտարարություն, ցավոք, ի պատասխան ստացա պատճառաբանություններ, թե այս փուլում դա անհնար է կազմակերպել: Երբ նախաձեռնեցի հրատապ բանավեճ, հասկացա, որ շատ ուշ կարող է լինել: Այսօր՝ այս հանդիպման օրը, Լեռնային Ղարաբաղում հայ չկա: Տիկնայք և պարոնայք, այսօր Լեռնային Ղարաբաղում կա 10-50 էթնիկ հայ, նրանց մեծ մասը ծերեր են կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք: Մենք խաղաղության կողմնակից ենք, մենք կողմ ենք բոլորի հետ լավ հարաբերություններին, բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ քանի դեռ Ադրբեջանին թույլ է տրվում լինել այս հեղինակավոր կառույցում, դա խոչընդոտում է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
22:08 - 09 հոկտեմբերի, 2023
Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

Բաքվի վարքագիծը պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի նիստի մեկնարկին Վեհաժողովը քննարկեց «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկում կազմակերպելու հարցով ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկությունը։ Հայկական պատվիրակության անդամները առիթը բաց չթողեցին եվրոպական այս ամբիոնից ևս մեկ անգամ բարձրաձայնելու Բաքվի սադրիչ գործողությունների մասին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Մինչ մենք այստեղ ենք՝ լուծելու առկա խնդիրները, Ադրբեջանն ընդամենը մի քանի ժամ առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Ուշադրությո՛ւն, ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանում։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ էր բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ։ Սրան նախորդել էին գործարանի կառուցման վերաբերյալ հայկական կողմի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները։ Հայաստանը նախկինում հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, և որ Ադրբեջանի կեղծ մտահոգությունները պարզապես ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացումը և օտարերկրյա ներդրումները խոչընդոտելուն։ Գնդակոծության հետևանքով վերավորվել է շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի»։ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց՝ «Ադրբեջանը բացահայտորեն անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը»: Հայ պատվիրակի պնդմամբ՝ Բաքվի վարքագիծը  պետք է հայտնվի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, պետք է ձեռնարկվեն  գործողություններ՝ զսպելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները և ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:
09:47 - 20 հունիսի, 2023
Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի վնաս է ժողովրդավարությանը․ հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի վնաս է ժողովրդավարությանը․ հայ պատգամավորի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից; Իր ելույթում Հռիփսիմե Գրիգորյանը անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային և դրան ճիշտ կերպով պատասխանելու անհրաժեշտությանը։ «Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլեւ սարսափելի: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել: Ուկրաինայում շարունակվող պատերազմը հանգեցրել է Եվրոպայում անվտանգության ճգնաժամի, որը մեզ քիչ հնարավորություն է տալիս կենտրոնանալու այլ հակամարտությունների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է, քանի որ ճգնաժամերը միտում ունեն ոչ միայն սրվելու, այլեւ տարածվելու: Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին վճռական եւ համարժեք արձագանքի բացակայությունը նախադեպ ստեղծեց ուժի կիրառմամբ հարցերը «լուծելու» եւ ստիպելու աշխարհին հաշտվել դրա հետեւանքների հետ: Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ եւ մնալ անպատիժ, ինչո՞ւ որեւէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել եւ «հաջողել»: Սակայն այսօր, փոխանակ պատասխանելու ադրբեջանական գործընկերների հայելային մեղադրանքներին, որը նրանց սովորական ռազմավարությունն է, ես ցանկանում եմ խոսել մեր արձագանքի մասին. ի՞նչ պետք է անենք մենք: Ի տարբերություն միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների եւ պետությունների ղեկավարների, ովքեր Ադրբեջանին հուժկու ուղերձ ուղղեցին այն մասին, որ ագրեսիան չի կարող հանդուրժվել, մեր Խորհրդարանական վեհաժողովն ամոթալի կերպով չի անդրադարձել իրավիճակին հասցեական եւ հստակ հայտարարություններով: Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի եւ ահռելի վնաս է ժողովրդավարությանը՝ վերջինիս մենակ թողնելով այն վտանգավոր գաղափարի դեմ, որ ժողովրդավարությունները չեն կարող պաշտպանել իրենց, եւ  անվտանգությունն ավելի լավ է ապահովվում ոչ ժողովրդավարական միջոցներով, այսպես կոչված «ուժեղ ձեռքի» միջոցով: Այս ռիսկի իրականացման հետեւանքները չպետք է թերագնահատվեն ոչ միայն Հայաստանի կամ Կովկասյան տարածաշրջանի, այլեւ ԵԱՀԿ ավելի մեծ տարածաշրջանի համար: Խոսելով գործնական քայլերի մասին՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաեւ առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու եւ Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»,- ասել է պատգամավորը:
11:31 - 26 նոյեմբերի, 2022
ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում․ Հռիփսիմե Գրիգորյան

ԼՂ հարցը չի կարող լինել երկու երկրների տարածքային ամբողջականությունների հարցի համատեքստում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ «ԼՂ հիմնահարցը դա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց է, հետևաբար, տարածաքային ամբողջականություն ասելով, մենք հասկանում ենք ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այն սահմանները, որոնցով ՀՀ-ն ճանաչվում է իբրև ՄԱԿ անդամ պետություն»,- նշեց Գրիգորյանը։  Պատգամավորի խոսքով՝ Պրահյան հայտարարությունը փակում է խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին․ «Այո, գետնի վրա կարիք կա սահմանազատման ու սահմանագծման, բայց նաև Պրահյան հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությամբ, կարծում եմ, սա ՀՀ-ի համար շատ կարևոր էր էս կետը արձանագրելը, սա ևս մեկ անգամ փակում է բոլոր խոսակցությունները Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հանդեպ նկրտումների մասին, որովհետև խոսքը գնում է ՀՀ տարածքային ամբողջականության այն սահմանների մասին և այն տարածքի մասին, որը նաև 1991թ․ Ալմաթայի հռչակագրով սահմանված է»,- ասաց նա։  Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Գորիս-Կապան մայրուղին նշված սահմանների մեջ մտնում է, թե ոչ, պատասխանեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ սահմաններում»,- ասաց պատգամավորը։ 
15:36 - 10 հոկտեմբերի, 2022
Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ խորհրդարանականներ, Ահաբեկչության և դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին և լռել այլ վայրերի մասին: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան 10 երկրների գործընկերներիս` բանաձևում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների և անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև: Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել և ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց և ցավոտ հարցեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է: Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո՛չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո՛չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները: Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետևել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»: Ես դեռևս հույս ունեմ, որ որևէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ: Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով ո՛չ քաղաքականությունը, ո՛չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը:
19:27 - 06 հուլիսի, 2022
Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին

Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ․ Հ․ Գրիգորյանը՝ ընդդիմադիրներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի կարծիքով՝ ընդդիմությունը շարունակ ասում է՝ փրկենք Արցախը, սակայն այդպես էլ չի մանրամասնում, թե ինչպես։ Ազգային ժողովի այսօրվա նիստին պատգամավորը մանրամասն ելույթ ունեցավ՝ անդրադառնալով նաեւ ընդդիմադիրների՝ վերջին օրերին կազմակերպված բողոքի ակցիաներին։ Նա նախ արձանագրեց, որ ընդդիմադիր պատգամավորները, իր խոսքով՝ «Քոչարյան-Սարգսյան զույգի քաղաքական հենարան հանդիսացող խմբակցությունները» դահլիճում չեն, քանի որ բողոքի ցույցեր են անում՝ անունը դրած Արցախի փրկություն, սակայն ըստ պատգամավորի՝ ՀՀ քաղաքացիները հոյակապ տեսնում են, թե ովքեր են նրանք եւ ինչ նպատակով են դա անում․ «Ես հավատում եմ, որ կան մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին առանց ուղղորդման, իրենք իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում, եւ այստեղ խնդիր չկա, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ բովանդակության բացակայությունը համառորեն քողարկվում է չստացված գրագողությամբ»։ Պատգամավորը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ բովանդակության բացակայություն ասելով․ «Ի՞նչ ենք լսում առավոտից իրիկուն․ փրկենք Արցախը, ձեր՝ Արցախը փրկելուն հավատացողներ դժվար լինեն, իսկ այ մարդիկ, ովքեր ապրել են Հայաստանում եւ Արցախում վերջին 20-30 տարիներին, եւ ճաշակել են ձեր կառավարման բարիքները, կազմում են մեր բնակչության մեծամասնությունը, հենց այս մարդիկ են ձեզ ասել՝ հեռացե՛ք, ավելին, մեզ էլ ասել են՝ եկե՛ք, կառավարե՛ք, պատերազմից հետո մենք իշխանությունը հետ ենք վերադարձրել ժողովրին եւ խնդրել, որ ժողովուրդը կրկին որոշի, թե ով պետք է իրեն առաջնորդի եւ դեպի ուր, եւ ժողովուրդը որոշել է, որ մեր քաղաքական թիմը իրեն պետք է առաջնորդի դեպի քաղաքականություն, դեպի զարգացում, եւ աշխարհում որեւէ մեկի մոտ կասկած չհարուցած ընտրությունների արդյունքներում ժողովուրդը ձեզ կրկին ասել է՝ ոչ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով․ «Ասում եք՝ փրկենք Արցախը, եւ ոչ մի բառ այն մասին, թե ինչպես։ Դուք քանի՞ երես ունենք, երբ պատերազմի ավարտից հետո ուրանում եք ձեր ոչմիթիզականությունը, մեզ՝ դավաճան ասում հողերը վերադարձրած չլինելու, պատերազմը չկանխելու համար»։ Ըստ Գրիգորյանի՝ ընդդիմադիրները հիմա հարթակից նորից դարձել եք ոչ միայն ոչմիթիզական, այլեւ վերբալ սպարապետներ․ «Հետ եք բերել Հադրութը, Շուշին, ծնկի եք բերել Ադրբեջանին, բայց Երեւանի կենտրոնում՝ հարթակից, եւ լավագույն օրինակը, թերեւս, թե ինչպես պետք է փրկեք Արցախը, Գեղամ Մանուկյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հնչեցրած պատասխանն է, թե հիմա հո ռազմաքաղաքական դասախոսություն չե՞մ կարդալու, իսկ երբ Պետրոս Ղազարյանը պնդեց, Մանուկյանն ասաց՝ դե մի անգամ հետ ենք բերել, էլի կբերենք»,- հիշեցրեց նա՝ հավելելով․ «Արձանագրենք, որ Արցախի կարգավորման հարցում դուք չունեք տեսլական, ունեք բաժակաճառ»։ Անդրադառնալով «չստացված գրագողությանը»՝ պատգամավորն ասաց, որ ընդդիմադիրները որոշել են կրկնել 2018-ի մեծ ու փոքր տեխնոլոգիաները, բայց էլի թարս են հասկացել․ «Ե՞րբ եք տեսել ցույցի կազմակերպիչը ոստիկան հայհոյի, սպառնա կամ համախոհներ ավելացնելու փորձերը ձախողելով՝ ասի՝ ջհանդամ միանաք, այսինքն՝ Լաոն չի զարթնում, ջհանդամ զարթնի՞։ Կամ այսօր Մանուկյան Գեղամ անունով դաշնակ պատգամավորը ուսանողներին ասում էր՝ թե չմիանաք, թքեք ձեր երեսներին, չե՞ք մտածել, որ ձեր ասած գործողությունը մարդիկ վաղուց արել են եւ հասցեագրել են լրիվ ուրիշ ուղղությամբ»։ Հիշեցնելով Արթուր Վանեցյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը, թե «Միացե՛ք, հայե՛ր» կարգախոսը ինքնաբուխ է ծնվել շարժման արդյունքում՝ Հռիփսիմե Գրիգորյանն ասաց․ «Մի կարգախոս էլ կա․ «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», բայց քանի դեռ ինքնաբուխ կերպով չեք օգտագործել սա, միշտ հիշեք, որ հենց դուք եք այն մարդը, ումից մարդիկ փրկվել են 4 տարի առաջ, իրենք իրենց փրկել են ձեզնից,որ այլեւս երբեք չթալանեք, չբռնանաք, չկործանեք»,- եզրափակեց պատգամավորը։   Միլենա Խաչիկյան
17:32 - 03 մայիսի, 2022
Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|

Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ գազամատակարարման հետ կապված Արցախում ստեղծված բարդ իրադրությանը:  Հիշեցնենք, որ երեկ գիշեր Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Ցանկանում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազամատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է: Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով, սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը»,- ասաց պատգամավորը:
11:27 - 22 մարտի, 2022
Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել․ Միրզոյան

Այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ հայկական կողմը նոր առաջարկներ ունի սահմանագծման հանձնաժողովի վերաբերյալ։ Ադրադառնալով Գրիգորյանի ասածին՝ ԱԳ նախարարը նշեց․ «Այո, հայկական կողմը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի դեէսկալացիային, լարվածության նվազմանը, անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանը ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է նախապատրաստել և փոխանցել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջնորդությամբ նաև Ադրբեջանին և մյուս գործընկերներին։ Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակված հայեցակարգից»,-ասաց Միրզոյանը։
16:52 - 19 հունվարի, 2022
Ոչ ոք չի ասում, որ մեկ օր մեր հարևանների հետ սահմանները չպետք է ճշտենք. Սեյրան Օհանյան |armenpress.am|

Ոչ ոք չի ասում, որ մեկ օր մեր հարևանների հետ սահմանները չպետք է ճշտենք. Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական ուժը չի պնդում, թե խաղաղության չի ձգտում, չի պնդում, թե հարևանների հետ սահմանները պետք չէ ճշգրտել, սակայն դրա համար համապատասխան պայմաններ իրենք դեռևս չեն տեսնում: Օհանյանն այս մասին վստահեցրեց ԱԺ լիագումար նիստում Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության իրենց նախագիծը օրակարգ ընդգրկելու մասին հարցի քննարկմանը: «Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Հարցն ընդգրկելով օրակարգ, բացի նրանց, որ հիմնախնդիրները կարող ենք քննարկել, նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը»,-ասաց Օհանյանը: Գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը նա անընդունելի համարեց: «Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների. այսինքն` հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն: Առաջին նախապայմանը սա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը»,-ասաց Օհանյանը: Այսպիսով` նա առաջարկեց քվեարկել կողմ և հարցն ընդգրկել լիագումար նիստի օրակարգ: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց, որ հայտարարության  նախագիծը նոր չէ, այն մեկ անգամ արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մերժվել է և կրկին բերվել: Ըստ նրա՝  հայտարարության նախագիծը կարելի է բաժանել երեք մասի: Առաջին հատվածում, որտեղ խոսվում է պատերազմի մասին, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման մասին, արվում են գերիների վերադարձը դեռևս չապահովելու շուրջ դատապարտումներ: Ըստ Գրիգորյանի՝ այդ հատվածում կրկնություն է, ԱԺ-ն արդեն 4 անգամ նմանատիպ հայտարարություն ընդունել է: «Երկրորդ հատվածը ներքաղաքական ընդդիմադիր խոսույթ է, տեքստը կոչ է անում ՀՀ լեգիտիմ կառավարությանը մնալ ՀՀ Սահմանադրության և միջազգային պարտավորությունների շրջանակում: Հնչում են այնպիսի անվստահություն հայտնող հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և չեն կարող ընդունվել իշխող մեծամասնության կողմից, դրանք կարող են թուլացնել ՀՀ դիրքերը բանակցային սեղանին: Իսկ երրորդ հատվածը, որը վերջապես առնչություն ունի սահմանագծման և սահմանազատման հետ, այսինքն` հայտարարության վերնագրի հետ, ապա պետք է ասել, որ մեր պետության շահերից բխում է սահմանազատման և սահմանագծման օրակարգը ոչ թե փոխկապակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել՝ հետևյալ պարզ պատճառով, որ սահմանագծումն ու սահմանազատումը վերաբերում են ՀՀ-ի և Ադրբեջանի պետական սահմաններին, մինչդեռ ԼՂ հիմնախնդիրը ոչ թե տարածքային, այլ ժողովուրդների ինքնորոշման հարց է: Հեղինակների կողմից այս երկու հարցերի փոխկապակցումը չի բխում ՀՀ շահերից, ուստի անընդունելի է մեզ համար»,-ասաց Գրիգորյանը: Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ եթե ներքաղաքական ինչ-որ բառապաշար կա, որը թույլ է տալիս նման եզրահանգման գալ, ապա իշխանությունը պարզապես պետք է առաջարկ ներկայացնի: Քվեարկությամբ հայտարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն:
11:47 - 17 հունվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021