Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|
13:33 - 06 մայիսի, 2022

Պետք է ԱԺ-ն ունենա վերահսկողական մեխանիզմներ. գործող Սահմանադրությունը չի տալիս այդ հնարավորությունները. Մարուքյան |news.am|

news.am: Մեր դիրքորոշումը եղել եւ մնում է եվրոպական մոդելի պետություն ունենալը՝ իր խորհրդարանական կառավարման համակարգով: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Սահմանադրական բարեփոխումների խորհրդում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այս մոտեցումը, բնականաբար, որոշակի հարվածներ է ստացել եւ քիչ էր մնում սասանվեր պատերազմից հետո ճգնաժամի ընթացքում: Որովհետեւ այդ ժամանակ քննարկումներ ենք ունեցել, որ միգուցե կիսանախագահական կամ նախագահական համակարգն ավելի ճիշտ էր: Բայց խորհրդարանական ընտրությունների գնալով եւ դրանով ճգնաժամը հաղթահարելով հասկացանք, որ այս մոդելն ավելի լավն է,  այն իմաստով, որ հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ սկզբունքը չէր եւ բնականաբար, ընտրություններով իշխանության չեկածները ստանում են լծակներ ու մեխանիզմներ: Բայց մյուս կողմից ԼՀԿ-ն շարունակում է պնդել, որ երբ խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, ի՞նչ նկատի ունենք: Դա այն է, որ այսօր այս կեղծ Սահմանադրությամբ  սահմանված կառավարո՞ւմն է, երբ խորհրդարանը ընտրում է վարչապետ ու ձեռքերը լվանում գործադիր իշխանությունից, թե՞ խորհրդարանն ընտրում է վարչապետ, հաստատում է նախարարներին, դեսպաններին, ունի հստակ վերահսկողական մեխանիզմներ, դեր է խաղում ամբողջ կառավարման համակարգում:

Մեր մոտեցումն այն է, որ խորհրդարանական համակարգը պետք է լինի իրապես բովանդակային խորհրդարանական համակարգ: Բնականաբար, այն Սահմանադրությունը, որ գործում է, չի տալիս այդ հնարավորությունները»,-ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց իր բանավեճը երկրի նախագահի հետ՝ նշելով.  «Անվտանգային հարցերով քննիչ հանձնաժողովը չպետք է ստեղծվի միայն ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի բազայի վրա: Մինչեւ վերջ իրենք մնացին իրենց դիրքորոշմանը: Ես հիշում եմ իմ բանավեճը, որ քննիչ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա  որոշում կայացնել մարդկանց կանչել հանձնաժողով եւ նրանք  պարտավոր են ներկայանալ: Ես մենակ մնացի այդ բանավեճում:

Ես շարունակում եմ պնդել, որ մենք ՀՀ-ում այդպես էլ չենք անցել ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգի, պետք է խորհրդարանը  ռեալ իր խոսքը, իր մեխանիզմներն ունենա պետական կառավարման գործում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել