Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում


 |armenpress.am|
15:17 - 19 մայիսի, 2022

Բուժական գործ, ինֆորմատիկա, կառավարում. ո՞ր մասնագիտություններն են պահանջված դիմորդների շրջանում |armenpress.am|

armenpress.am: Այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: Նախորդ տարի նրանց թիվը 13 հազար 120 է եղել:

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ ընդունելության կարգում փոփոխություններ են եղել, որով նախատեսված է միասնական քննությունները հանձնել երկու հատ: Նախկինում ավելի շատ գերիշխում էր մեկ քննությունով ընդունվելը:

«Մայիսի 10-ին ավարտվել է հայտագրումը: Արդյունքներն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ ամենամեծ թիվը գրանցվել է «Անգլերեն» առարկայից: 5 հազար 587 դիմորդ է դիմել այս առարկայից քննությունն հանձնելու համար: Երկրորդ տեղում «Մաթեմատիկան» է՝ 5 հազար 429, երրորդ տեղում՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկան է՝ 5 հազար 253 դիմորդ»,-ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները այս տարի շրջելով բոլոր մարզերում, 12-րդ դասարան ունեցող դպրոցների տնօրեններին մանրամասն բացատրել են նոր կարգը: Ամեն դեպքում կան դիմորդներ, որոնք նախանշված ժամկետում չեն հայտագրվել: Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանց թիվը մեծ չէ, սակայն դիմել են ԿԳՄՍ նախարարին: Համատեղ քննարկման ընթացքում որոշում կկայացվի:

Ի՞նչն է պատճառը, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնող դիմորդների թիվն այդքան մեծ է: Կարո Նասիբյանի խոսքով՝ երբ դիտարկում ենք մասնագիտությունների ցանկը, ապա տեսնում ենք, որ չնչին բացառությամբ «Անգլերեն» առարկայից քննության պահանջ նշված է գրեթե բոլոր մասնագիտությունների գծով: Դրանից բացի,  ըստ Կարո Նասիբյանի, տարիների փորձը ցույց է տալիս, որ «Անգլերեն» առարկայից քննություն հանձնողներն ավելի բարձր միավորներ են ստանում:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես,  առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական գործ, երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա, երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարում, չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի իրավագիտություն, հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսներ ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:

«Ունենք մասնագիտություններ, որոնք ընդհանրապես չեն դիմել: Խոսքը, մոտավորապես, 160 մասնագիտությունների մասին է: Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում թատերագիտության, կինոգիտության գծով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների գործիքների՝ շվիի, սրնգի, տավղի բաժիններում: Դիմորդ չկա ջութակի, դիրիժորական բաժնում»,- ասաց Կարո Նասիբյանը:

Այս տարի ավելացել է քննական կենտրոնների թիվը: Եթե նախորդ տարի գործում էր 36 միասնական քննությունների քննական կենտրոն, ապա այս տարի գործելու է 41-ը: Ավելացված քննական կենտրոնները գործելու են Կոտայքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում, Երևանում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել