ԱՄՆ-ում արտակարգ դրություն հաղորդակցության ցանցերը պաշտպանելու համար |azatutyun.am|
12:53 - 16 մայիսի, 2019

ԱՄՆ-ում արտակարգ դրություն հաղորդակցության ցանցերը պաշտպանելու համար |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտակարգ դրություն, որի նպատակն է «ազգային հաղորդակցության ցանցերը պաշտպանել օտարերկրյա հակառակորդներից»:
Թրամփի գործադիր հրամանագրի համաձայն, ամերիկյան ընկերություններին արգելվում է օգտվել արտասահմանյան հեռահաղորդակցության ընկերությունների ծառայություններից և տեխնոլոգիաներից:

Հրամանագրում կոնկրետ երկրի կամ հեռահաղորդակցության ոլորտում աշխատող ընկերության անուն չի նշվում, սակայն փորձագետների համոզմամբ, հրամանագրի արձակումը կապված է Huawei խոշորագույն չինական ընկերությունը Միացյալ Նահանգների շուկայից հեռու պահելու մտադրության հետ:

Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրներ մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Չինաստանը Huawei ընկերության սարքավորումների միջոցով կարող է լրտեսական գործունեություն ծավալել: Huawei-ը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Վաշինգտոնը որոշ դաշնային գործակալություններին արդեն արգելել է օգտագործել Huawei-ի արտադրանքը:

Թրամփի այս կարգադրությունը հրապարակվել է մի ժամանակաշրջանում, երբ մոլորակի երկու ամենախոշոր տնտեսական տերությունները՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը ներքաշվել են առևտրային պատերազմի մեջ և փոխադարձաբար բարձրացնում են ներմուծվող ապրանքի սակագները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել