news.am։ Արարատի մարզի Ռանչպար համայնքում ավազի հանքի զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է գրանցված որպես հանք, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ խոսելով իր կողմից գլխավորած կառույցի հայտնաբերած խախտումների մասին։
«Բնականաբար կան խնդիրներ, եւ դրանք բազմաթիվ են։ Կադաստրի կոմիտեն իմ գործառույթների իրականացման ժամանակ երբեմն առնչվում է «ստվերային» հողերի դեպքերի, բայց մենք չունենք որպես այդպիսին տեսչական գործառույթներ, եւ բոլոր բացահայտումները, որոնց դեպքում մենք կարծում ենք, որ կա դիրքի չարաշահում, եթե նույնիսկ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատողների պատճառով է եղել, կամ այլ ռիսկերի դեպքում, ուղարկվում են իրավապահ մարմիններին։
Ուզում եմ շեշտել, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ–ում նաեւ սեփականության իրավունքի երաշխավորն է, եւ իմ անձնական մոտեցումն է, որ մենք պետք է զերծ մնանք նման բացահայտումների մասին բարձրաձայնելուց, եւ այդ բոլոր հնարավորությունները տալ իրավապահ մարմիններին, որոնք հետամուտ են լինում մեր բացահայտումներին։ Այս դեպքերը բազմաթիվ են, ասուլիսի ժամանակ 2-3 մլն դոլարն էինք հնչեցրել, այս ընթացքում այդ թիվը միգուցե կրկնապատկվել է»,–նշեց նա։
Սարհատ Պետրոսյանը, մասնավորապես, որպես խախտման օրինակ նշեց միայն Ռանչպար համայնքի ավազահանքի դեպքը. «Ռանչպար համայնքում ավազի հանքը իր զբաղեցրած տարածքի շատ քիչ մասն է, որ որպես հանք գրանցված է, հանքի զգալի մասը զբաղեցնում է քաղաքացիներին պատկանող գյուղատնտեսական հողեր։ Նյութերն ուղարկվել են վարչապետի վերահսկողությանը։ Այդ դեպքերը բազմաթիվ են՝ կան հայտնի եւ անհայտ անուններ»։
Հարցին՝ նախկին իշխանության հետ առնչվող մարդկանց հետ են կապված խախտումները, նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ում հետ են կապված, կան անուններ, որոնք գուցե ձեզ ծանոթ լինեն, բայց բնականաբար եղել են նախկին կառավարությունների աշխատանքի ընթացքում»։
comment.count (0)