Նոյեմբերի 11-ին ՀՀ Կադաստարի Կոմիտեի՝ «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի հետ զրույցում իմացանք, որ ՊՈԱԿ-ի աշխատակիցները դժգոհություններ ունեն տնօրեն Արամ Ստեփանյանից և հոկտեմբերին նամակով դիմել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նամակում նրանք ներկայացրել են իրենց բողոքներն ու դժգոհությունները՝ խնդրելով լուծում տալ իրենց բարձրացրած խնդիրներին:
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների առաջին դժգոհությունն այն է, որ տնօրենությունը ՊՈԱԿ-ն ուզում վերանվանել «Երկրատարածական ինստիտուտ» ՊՈԱԿ: Ըստ աշխատակիցների՝ դրա հիման վրա ցանկանում են կատարել կառուցվածքային փոփոխություն, որը հնարավորություն կտա ազատվել անցանկալի աշխատակիցներից և ընդունել իրենց կամակատար աշխատակիցների:
ՊՈԱԿ-ի աշխատակիցները նաև ծանուցում են ստացել այն մասին, որ միգուցե լուծարվեն նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, քանի որ ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների հետևանքով հնարավոր է հաստիքների կրճատում, աշխատողների քանակի և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխում:
«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կարծիքով շատ հանգամանքներում Կադաստրի կոմիտեի ղեկավարը և իրենց ՊՈԱԿ-ի տնօրենը կայացնում են միանձյա որոշումներ՝ առանց հաշվի առնելու որևէ աշխատակցի կարծիքը:
«Կազմակերպության հետ, լինի պետական պատվերով, ձեռնարկատիրական կնքված ցանկացած պայմանագրով նախատեսված աշխատանքների մեծ գումարները հիմնականում ֆինանսատնտեսագիտական բաժնի հետ միասին տնօրենը ուղղում է իրեն հարազատ երկրատեղեկատվական բաժնին, որտեղ ձևակերպվել են իրեն ծանոթ մարդիկ, գրվում են բարձր աշխատավարձեր՝ հետագայում ակնկալելով գումարների ետ վերադարձ, այն դեպքում, երբ կազմակերպության հողաշինարարին և գեոդեզիստին, որոնք կատարում եմ դաշտում, արևի, անձրի տակ հսկայական աշխատանքներ, վճարվում է շատ չնչին աշխատավարձ: Այս պայմաններում դաշտային աշխատողների աշխատավարձը չի հասնում ՀՀ միջին աշխատավարձին»,- նշված է աշխատակիցների՝ վարչապետին ուղղված նամակում:
ՊՈԱԿ-ի աշխատակիցները հիշում են, որ Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը իրենց հետ առաջին հանդիպման ժամանակ խոստացել է բարձր գնահատել հողաշինարարի և գեոդեզիստի աշխատանքները և ասել, որ այսուհետև յուրաքանչյուր աշխատակից 300 հազար դրամ աշխատավարձից պակաս չի ստանալու: Ըստ նրանց՝ տնօրենը դրանից հետո իր աշխատավարձը 300 հազար դրամից դարձրել է 450 հազար դրամ, իրեն մտերիմ մարդկանց աշխատավարձն ավելացրել է 50 տոկոսով, իսկ մյուս աշխատողներինը՝ 5-ից 10 հազար դրամով:
Վարչապետի աշխատակազմից ՊՈԱԿ-ի աշխատակիցներին պատասխանել են նոյմբերի 11-ին:
« «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նկատմամբ Կադաստարի կոմիտեն իրականացնում է ոչ միայն վերահսկողություն, այլև կառավարում: Ելնելով վերոգրյալից և հանդիսանալով ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի վերադաս՝ կոմիտեն կազմակերպել է հանդիպում՝ դիմումի ներքո ստորագրած անձնանց դժգոհությունները լսելու և բարձրացված հարցերին իրավական լուծումներ տալու նպատակով»,- նշված է դիմումի պատասխանում:
Նյեմբերի 11-ին հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք վարչապետը կարդացել է նամակը, և ինչ լուծում է տրվելու հարցին: Հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ էին խնդրել:
Այսօր ստացանք պատասխանը, որտեղ ասվում էր այն, ինչ նշվել էր ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումի պատասխանում. վարչապետին հասցեագրված դիմումի մեջ բարձրաձայնված հարցերի լուծումը հանձնարարվել է Կադաստրի կոմիտեին, կոմիտեն էլ կազմակերպել է հանդիպում՝ դիմումի տակ ստորագրած անձանց դժգոհությունները լսելու նպատակով:
Փորձեցինք այս հարցերի շուրջ խոսել «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանի հետ: Նրա գրասենյակից պատասխանեցին, որ խորհրդակցության է, ավելի ուշ մեզ կպատասխանի, բայց պատասխան այդպես էլ չեղավ:
Աննա Սահակյան
comment.count (0)