hetq.am: Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը քննադատում է կառավարության ոչ թափանցիկ գործելաոճը՝ հայ-ադրբեջանական նոր սահմանների ճշգրտման գործընթացում:
«Եթե նույնիսկ ընդունենք, որ պետական ինչ-որ մարմիններ, թեկուզ պաշտպանության նախարարություն կամ կադաստրի կոմիտե, շաբաթական 7 օր, 24 ժամ ռեժիմով սահմաններով են զբաղվում, եթե մենք որպես քաղաքացիներ և որպես փորձագետներ՝ տեղյակ չենք այդ պրոցեսից, ապա դա նրանց խնդիրն է: Որովհետև եթե X մարմինների ներկայացուցիչներ այսօր դաշտերում սահմանների ճշգրտմամբ են զբաղվում, կարող էին մեկ լուսանկար տեղադրել և ասել, որ շարունակվում է սահմանների ճշգրտումը, ինչպես օրինակ՝ կառավարությունն անում է, երբ Կարմիր խաչի յոթերորդ մակարդակի մի ներկայացուցիչ գալիս է Հայաստան»,- այս մասին «Հոդված 3» ակումբում «Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի խնդիրները» թեմայով առցանց քննարկմանն ասաց Սարհատ Պետրոսյանը
Քաղաքաշինարարը հավատում է այն տեղեկություններին, որ սահմանների ճշգրտումը ընթանում է տեղի հայ գյուղացիների և ադրբեջանցի զինվորների միջև խոսակցություններով, որովհետև պետությունը եթե այդպիսի պրոցես է սկսել, պարտավոր է տեղեկացնել դրա մասին, քանի որ հանրային լուրջ մտահոգություն կա:
Խոսելով GPS-ի միջոցով սահմանների դեմարկացիայի մասին՝ Սարհատ Պետրոսյանը նշեց, որ դա հեռախոսով կամ Google Maps-ով չի արվում, քանի որ դրանք ոչ պրոֆեսիոնալ գործիքներ են: Պետրոսյանի խոսքով՝ կան ավելի պրոֆեսիոնալ գործիքներ, որոնք կարող են դաշտային պայմաններում աշխատել:
«Այս խնդիրներց մեկն այն է, որ Հայաստանի վարչատարածքային բաժանումը, գոնե իմ ունեցած տեղեկություններով, տեղի է ունենում սահմանների նկարագրությամբ: Դրանք մոտավորապես 150 տարվա վաղեմության սահմանազատման ձևակերպումներ են: 21-րդ դարում կան կոորդինատային համակարգեր, որոնք պետք է օգտագործել: Մեր բոլոր համայնքների սահմանները հստակ կոորդինատներով պետք է արտացոլվեին: Սա շատ կարևոր խնդիր է, որը ժամանակին չի արվել, ինչպես և չի արվել քարտեզագիրներին միջպետական հանձնաժողովներում ներառելը: Հաջորդ ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք բավական փնթի ենք վերաբերվել սահմանների կոորդինատների, սահմանազատման պաշտպանությանը: Անփութության հետևանքով հասել ենք այս վիճակին»,- ընդգծեց Սարհատ Պետրոսյանը:
Վերջինիս կարծիքով՝ պետությունն այս վիճակում այսօր չունի այն վստահությունը, որ հանրությունը կարողանա միայն նրան վստահել սահմանազատման պրոցեսը, ուստի բացի պետության ներկայացուցիչներից այդ գործընթացում պետք է ներառել նաև մասնավոր անձանց. «Մենք ունենք անկախ քարտեզագիրներ, պետական չինովնիկներ և նաև ինչու ոչ բանակային մասնագետներ, որոնք պետք է գնան և այդ սահմանազտումը անեն, քանի որ սա կարող է անհասկանալի և վտանգավոր հետևանքներ ունենալ, օրինակ՝ մի օր մի ադրբեջանցի դյուրագրգիռ զինվոր կամ դյուրագրգիռ գյուղացի կրքեր բորբոքի և մեծ պատմություն դառնա»,- ասում է կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ, պատմական հետհայացք գցելով, նշեց, որ Խորհրդային Միությունում 1928 թվականից սկսվել են սահմանների էթնիկական մաքրումներ, և Հայաստանում նույնպես այդ պրոցեսը իրականացվել է սահմանային գոտնիների բնակչության շրջանում՝ եղբայրական Թուրքիային ազատելով իրենց հայրենիքին մոտ տարածքում բնակվող հայերի սպառնալիքից:
«Այս երկրներում սահմանը դիմացինի հանդեպ կամ սպառնալիք է դիտվում, կամ ստրատեգիական տարածք: Սա հարաբերությունների կառուցման փիլիսոփայություն է, իսկ մենք հիմա չգիտեմ, թե ինչ փիլիսոփայությամբ ենք շարժվում»,- նշում է ազգագրագետը:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկումներ են ունեցել սահմանազատման վերաբերյալ, եղել են նաև պաշտոնական հանձնաժողովներ թե՛ 1936 թվականին, թե՛ ավելի ուշ՝ երկու հանրապետությունների միջև, և Հրանուշ Խառատյանի խոսքով, դեպքեր են եղել, որ վիճելի տարածքների հարցերը հասել են Մոսկվա, որտեղից ասել են՝ դուք միմյանց միջև պայմանավորվեք, մենք կհաստատենք դա, սակայն համաձայնություն ձեռք բերել այդպես էլ չի հաջողվել:
Շարունակությունը՝ hetq.am-ում։
comment.count (0)