armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ամփոփեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետության այցի առաջին օրվա արդյունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ բարեկամ Կատարի Պետության հետ անհրաժեշտություն կար քննարկելու տարբեր ոլորտներին վերաբերվող մի շարք կարևոր հարցեր, որի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով ժամանեց Դոհա։
«Այցի շրջանակներում կարևոր հանդիպումներ ենք ունեցել Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։
Հանդիպում ենք ունեցել տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, ստորագրվեցին հուշագրեր, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտների, այդ թվում՝ առողջապահության, կրթության, զբոսաշրջության, նաև ստորագրվեցին առանձին հուշագրեր երկրների պետական լրատվական գործակալությունների միջև, պետական համալսարանների միջև, ինչպես նաև Դոհայի և Երևանի միջև։ Վարչապետի կողմից ստացանք հանձնարարություններ, որպեսզի հետևողական լինենք հուշագրերի և համաձայնագրերի կատարմանը»,- ասաց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ օրվա ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք նույնիսկ նախատեսված չէին օրակարգով։
«Ինչպես գիտեք, Կառավարության ռազմավարության համաձայն՝ պլանավորում ենք ունենալ առանձին ակադեմիական քաղաք կամ տեխնոլոգիական ուղղվածության կենտրոններ։ Նման փորձ Կատարն ունի, և հնարավորություն ունեցանք այցելելու Կատարի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթանալու կենտրոնի աշխատանքին»,- ասաց փոխվարչապետը։
Մաթևոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ակնկալում է Կատարի իշխանությունների կողմից փոխադարձ այց Հայաստանի Հանրապետություն։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին կարևորեց Կատարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումը։
«Կարծում եմ, որ երկու երկրների ղեկավարների կողմից դրսևորված քաղաքական կամքը շատ կարևոր է, որպեսզի իսկապես պայմանավորվածություններն իրագործվեն»,- ասաց Քերոբյանը։
Կատարի հետ կարևոր պայմանավորվածություններից էկոնոմիկայի նախարարը առանձնացրեց «Qatar Airways» ընկերության նախագահի հետ ստորագրված հուշագիրը։ Նա նշեց, որ նաև քննարկվել է «Qatar Airways»-ի կողմից բեռնափոխադրումների սակագների զեղչերի կիրառումը։
«Կարծում եմ, որ եթե դա մեզ հաջողվի, ապա մեր երկրի համար նոր հնարավորություններ կբացվեն»,- ավելացրեց Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ ներդրումների, փոխադարձ առևտրի, ֆինանսական ոլորտներում Կատարի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։
«Քաղաքական առումով ամեն ինչ շատ լավ է, բայց պետք է ջանք գործադրել, որպեսզի քաղաքական պայմանավորվածությունները իսկապես տեղի ունենան»,- ասաց Քերոբյանը։
Կարեն Խաչատրյան
comment.count (0)