armenpress.am: Հայաստանը ներկայումս հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և գործարարության օրեր 2022» գիտաժողովին այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նշեց, որ պետք է համախմբենք գիտական ներուժն ու զարգացնենք մեր պետությունը։ «Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանն ինտեգրվելու գործընթացները և աշխարհին առաջարկելու ենք մեր մտավոր ունակությունների արգասիքը։ Այս համաժողովը հիանալի հնարավորություն է գիտության և գործարարության փոխգործակցության զարգացման, մտքերի փոխանակման համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահենք տնտեսության զարգացումն է։
Քերոբյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գիտելիքահենք տնտեսության կայացումը համարում է տնտեսության զարգացման ամենակարևոր առաջնահերթությունը։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկության 2021թ. Նոբելյան մրցանակակիր, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանը, ինչպես նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ։
Միջոցառման նպատակն է փոխգործակցության զարգացումը և գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտումը։
Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
comment.count (0)