Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան  


 |armenpress.am|
13:40 - 17 հունիսի, 2022

Մեզանում գիտությունը գովազդելու, մասսայականացնելու կարիք կա. Գարիկ Իսրայելյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։ 

Վերջինիս խոսքով՝ Հայաստանում հնարավոր չէ գիտության բոլոր ուղղությունները զարգացնել։ Կարելի է ընտրել պրակտիկ, կիրառելի գիտության ոլորտները։ Ընդգծեց, որ ուրախ է գիտության ֆինանսավորման բարձրացման համար։ Իր կարծիքով՝ պետք է Հայաստանում ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինի թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ 

«Առնվազն երկու ուղղությունով է պետք աշխատել։ Առաջինը՝ գիտության ֆինանսավորման բարձրացումն է, որը պետությունն արդեն արել է։ Եթե մենք ուզում ենք համալսարաններում ունենալ բարձ կարգի դասխոսություններ, ծրագրեր, պետք է ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Թե ինչ ձևերով և ինչ բանաձևերով, պետության միջամտությամբ, թե հենց անմիջապես բուհի՝ չեմ կարող ասել։  

Գիտությունը պետք է գովազդվի, մասսայականացվի։ Այդ գործին պետք է նվիրվեն լավ գիտնականները, փառատոնը կարող ենք նաև որպես գիտության գովազդ դիտարկել։ Ես գիտեմ, որ գիտնականների մեծ մասը հեռու է մնում թե՛ մեդիայից, թե՛ հանրային ճանաչումից, բայց իրենք պետք է ներգրավված լինեն գիտությունը հանրայնացնելու գործում։ Ի դեպ, գիտնականների մեծ մասն էլ շատ մեծամիտ են, որը խանգարում է գործին։ Սա կազմակերպելու համար ճիշտ բանաձևեր են պետք»,- ընդգծեց Իսրայելյանը։ 

Աստղաֆիզիկոսը նշեց՝ ինքը և համահիմնադիր Բրայան Մեյը ամեն ինչ արել են, որ  «Սթարմուս» հրավիրված գիտնականներն ու երաժիշտները բարձր մակարդակ ունենան։ Պատմեց՝ շատ են եղել դեպքեր, երբ հրավիրյալներից ոմանք ասել են, որ չեն խոսի մի հարթակում, որտեղ քիչ են օրինակ Նոբելյան մրցանակակիրները։ Նման գիտնականներ մեր փառատոնին անհրաժեշտ չեն։ Մասնակիցները պետք է հնարավորություն ունենան անձամբ շփվել բոլոր բանախոսների հետ։ Ներկայումս հրավիրյալների մոտ չկա խանդ, մեծամտություն, բարդույթներ։ Կա մի բարձր մակարդակ, որից հետո բարդույթները վերանում են։ Փառատոնին հենց նման մասնագետներ են հրավիրվում։  

«Սթարմուս»-ի պատմությունը պատմելով՝ Իսրայելյանը նշեց՝ Բրայան Մեյի հետ հանդիպել է 1998-ին, այն ինստիտուտում, որտեղ ինքն էր աշխատում Բրայանը աստղաֆիզիկայի գծով դիտումներ էր կատարում, որից հետո թողել էր գիտությունն ու սկսել զբաղվել երաժշտությամբ։ Իսրայելյանը պատմեց, իր աշխատանքի տարիներին հետաքրքիր գիտաֆանտաստիկ ֆիլմի գաղափար է ունեցել, գրել է, որն էլ ընկել է Բրայանի ձեռքը։ Հանդիպել են, քննարկել, որից հետո հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել, և իրենք մտերմացել են։ Անկեղծանում է՝ ապշած էր, երբ առաջին անգամ հանդիպել էր նրան. դեռ մանկուց հետևում էր «Քուին» խմբին ու հենց Բրայանին։ Պատմեց նաև, որ կիթառահարը հաճախ էր գալիս այն կղզի, որտեղ Իսրայելյանն էր աշխատում։ Բրայանը ծնողների մահից հետո փոշին Տեներիֆ է տարել և հայտարարել, որ իր մահից հետո իր փոշին ևս այդ կղզի տանեն։ Բրայանի ու կղզու կապը մեծ էր։ 

«Հանդիպումներից մեկի ժամանակ քննարկում էինք, թե ինչու գիտությանն ուշադրություն չի դարձվում։ Մտածում էինք, ինչ անել որ գիտությունն ավելի սովորական դառնա։ Մեզ մոտ էլ 2009-ին ամենամեծ աստղադիտակը պետք է բացվեր, որի ժամանակ համերգ էինք պլանավորում։ Համերգը չկայացավ, բայց ոգևորությունն այնքան շատ էր, որ զարգացրինք գաղափարն ու արդեն 2011-ին կայացավ «Սթարմուս»-ի առաջին փառատոնը։ Հենց սկզբից էլ մտածել էինք փառատոնի ձևաչափը. այն կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի ներկայացմանը, ինչպես նաև հարակից այնպիսի գիտությունների, ինչպիսիք են կենսաբանությունն ու քիմիան»,- պատմեց Իսրայելյանը։ 

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ չեն հասկանում գիտության ու երաժշտության կապը։ 2005 թվականին Գարիկ Իսրայելյանը հավաքագրել է աստղերի ներսում առաջացող ձայների մի ունիկալ գրադարան։ Ինքն ու Բրայանը իրենց առաջ պարզ խնդիր են դրել. այդ ձայներով երաժշտություն գրել։ 

«Հասկացանք, որ երաժիշտների մի մեծ բանակ շատ ոգեշնչված է գիտությամբ, ավելի կոնկրետ՝ տիեզերքով։ Կան երաժիշտներ, որոնք այդ ոգեշնչմամբ երաժշտություն են գրում և կան գիտնականներ, որոնք ոգեշնչվում են երաժշտությամբ»,- նշեց աստղաֆիզիկոսը։ 

Նրա խոսքով՝ ձևաչափը բացառիկ էր, դա էր պատճառը, որ հենց առաջին փառատոնին Նիլ Արմսթրոնգը մասնակից դարձավ՝ չնայած նրան, որ նա ոչ մի կոնֆերանսի երբեք չէր գնում։ Իսրայելյանի խոսքով՝ փառատոնի պոտենցիալին քչերն էին հավատում, բայց Արմսթրոնգի այցը բոլորին էր ապշեցրել. փառատոնը հաջողեց։ 

Աստղաֆիզիկոսը պատմեց՝ հինգերորդ փառատոնի ժամանակ հրավիրել են Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ Նա նշեց, որ Սարգսյանը մեծ ոգևորությամբ մասնակցեց ու պնդեց, որ «Սթարմուս»-ը նաև Հայաստան գա։  

«Այն Հայաստան բերելու շուրջ խոսեցի «Սթարմուս»-ի հոգաբարձուների խորհրդի հետ. մի քանի խնդիր առաջ քաշվեց։ Արդյոք մարդկանց կհետաքրքրի՞ փառատոնը, արդյոք մեդիան կհետաքրքրվի՞ դրանով, կգտնվե՞ն հովանավորներ։ Որոշեցինք ռիսկի դիմել։ Հայաստան բերելը էքսպերիմենտ է «Սթարմուս»-ի համար, որին մեր հոգաբարձուների խորհուրդը հարցականով էր նայում: Բոլորս գիտենք, որ «Սթարմուս»-ը արտակարգ կանցներ ցանկացած եվրոպական երկրում, և շատ հրավերներ կունենայինք, բայց որոշեցինք գալ Հայաստան՝ տեսնելու թե´ ժողովրդի, թե´ մեդիայի, թե´ տեղական բիզնեսի արձագանքն այս փառատոնի նկատմամբ»,- ասաց Իսրայելյանը։ 

Ցավոք, փառատոնը այս տարի ոչ մի տեղական հովանավոր չունի, մինչդեռ Նորվեգիայում տեղական ընկերությունները հերթ էին կանգնել «Սթարմուս»-ի հետ համագործակցելու համար: Գուցե այս երկու ամսվա ընթացքում Հայաստանում վիճակը փոխվի՞: 

Նրա խոսքով՝ փառատոնին մասնակցում են շատ իրավաբաններ, բժիշկներ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, գիտնականներ քիչ են լինում: Փորձել են նաև Հայկական ՏՏ համայնքին մասնակից դարձնել, բայց առայժմ դժվարանում է խոսել արդյունքներից։  

Շարունակությունը՝ armenpress.am-ում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել