Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։
Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։
Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։
Լիա Հալլորանը և Քիփ Թորնը
Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։
Անի Ապրահամյանը
Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։
Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։
Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։
Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։
«Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունում
Երկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝
Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։
Գրավիտացիոն ալիքները
Էներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,
Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝
Մթագնելով մեկը մյուսին,
Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։
Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։
Աննա Սահակյան
comment.count (0)