armenpress.am: Վերին Լարսի անցակետում մեզ համար իրավիճակի շտկումը Վրաստանում բեռնատարների հերթերի բացակայությունն ապահովելն է: Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսավարողներ վնասներ են կրել և ամեն ինչ դիտարկվում է ժամանակի մեջ: Եթե խնդիրը խորը լինի, օժանդակության ծրագրեր կգործեն:
«Մենք մեր վրացի գործընկերներին խնդրել ենք, որպեսզի ծաղիկները և թարմ ձուկը ևս մտցնենք հատուկ կատեգորիայի մեջ, որ այդ ապրանքներով բեռնված բեռնատարները ևս կարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և մոտենալ Վերին Լարսի անցակետին»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` բազմաթիվ բեռնատարներ առաջ ուղիղ Եվրոպայից մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն այդ ամբողջ տարածաշրջանը, իսկ ամենամոտ անցակետը Լարսի անցակետն է:
«Ես հունիսի 11-ին Վերին Լարսի անցակետում հանդիպել եմ ռուս գործընկերոջս, որպեսզի խնդրին լուծում տանք: Մեր պայմանավորվածության արդյունքում հունիսի 20-ին արդեն ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ մաքսազերծման զոնա բացել Վերին Լարսի անցակետի մոտակայքում, որը, ըստ մեր գնահատականի, պետք է 30 տոկոսով ավելացնի թողունակությունը: Դա այսօրվա 400-450 մեքենաների փոխարեն 650-700 մեքենան է օրական»,-պարզաբանեց Քերոբյանը:
comment.count (0)