Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել
17:40 - 28 հունիսի, 2022

Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ,

10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը,

8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով,

882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ,

3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշվածը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել