Գագիկ Բեգլարյան

Գագիկ Բեգլարի Բեգլարյան, Երեւանի նախկին քաղաքապետ (2009-2010) ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար (2012 - 2016)։
 
1971-1978 թվականներին սովորել է Երեւանի թիվ 33 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թվականներին՝ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին եւ որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թվականներին «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։ 1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։2005 թվականին եւ 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։ 2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւանի քաղաքապետ։ 2009 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երեւան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են։ 2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երեւանի քաղաքապետ։ 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար։

2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնում։ 2014 թվականի ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

2020 թվականի մարտին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հետախուզում է հայտարարել Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։

Ըստ ԱԱԾ-ի` դատարանը որոշել է կալանավորել Բեգլարյանին։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանում չէ։

Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը
 |hetq.am|

Դատախազությունը կասկածի տակ է դնում Գագիկ Բեգլարյանի ներկայացրած փաստաթղթերի իսկությունը |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում հունվարի 30-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։ Դատախազության ներկայացուցիչ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց միջնորդություն՝ փաստաթղթաբանական փորձաքննություն իրականացնելու մասին։ Դատախազը կասկածի տակ է դնում «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակ փաստաթղթերի իսկությունը։ Ըստ դատախազի՝ դրանք 1994 թվականի փաստաթղթեր են, սակայն թղթի, կնիքի, ստորագրությունների թանաքի թարմության աստիճանն առաջացնում են կասկածներ այդ փաստաթղթերի, դրանց թվագրման ամսաթվերի վերաբերյալ։ Խոսքը հենց այս ընկերությանն առնչվող փաստաթղթերի մասին է։ Այդ փաստաթղթերի կազման և թվագրման համապատասխանությունը պարզելու համար Նելլի Տեր-Թորոսյանը միջնորդեց իրականացնել փաստաթղթաբանական փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնելով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և պարզաբանման համար փորձագետների առաջադրել հետևյալ հարցերը՝ «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ի գործընկերության համաձայնագրերի և վճարման հանձնարարականների անգլերեն բնօրինակների կազման ժամանակահատվածներն արդյոք համապատասխանու՞մ են դրանց թվագրաման ամսաթվերին, թե՝ ոչ։ Թվագրման ամսաթվերն են՝ 1994-2012 թվականները։  Եթե ոչ, ապա ե՞րբ են դրանք կազմվել։ Իսկ կազման հստակ ժամանակահատվածը պարզելու անհնարինության դեպքում առավելագույնը որքա՞ն կարող է լինել դրանց կազման վաղեմությունը։  Պատասխանողների ներկայացուցիչները հայտնեցին, որ առարկություն չունեն միջնորդության դեմ, դատարանը բավարարեց միջնորդությունը։ Նելլի Տեր-Թորոսյանը երկրորդ միջնորդությունը ներկայացրեց, որը կրկին առնչվում էր «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ին։ Դատախազը հրապարակեց նոր ապացույց այն մասին, որ «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին, ինչը հերքում է Բեգլարյանի ներկայացուցիչների այն փաստարկը, թե 1994 թվականից սկսած՝ այդ ընկերությունից ստացել են շահաբաժիններ։ Ըստ դատախազության ներկայացուցչի հայտնած տեղեկության՝ այդ ընկերության սեփականատերերը ՀՀ քաղաքացիություն չունեցող 2 անձինք են՝ 51% և 49% բաժնեմասերով։ Դատախազի խոսքով՝ այս տեղեկությունը ցույց է տալիս, որ Բեգլարյանների ներկայացրած ապացույցները և պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Պատասխանողների ներկայացուցիչներից ՆորայրԲալայանը նշեց՝ երբևիցե չեն պնդել, թե Բեգլարյանները համարվում են այդ ընկերության փայատերերը։ «Որովհետև մեր կողմից ներկայացված պայմանագրերը վկայում են, որ գործընկերային հարաբերությունների մեջ են եղել»,- ասաց Նորայր Բալայանը։ Նա նկատեց նաև, որ Դատախազության միջնորդության մեջ նշված է նույն կազմակերպության երկու անուն՝ «Ռոյալ շիփինգ ֆոնդ» և «Ռոյալ բոքս կարգո»։ Նելլի Տեր-Թորոսյանն ասաց, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկատվություն ԱՄԷ-ում գրանցված միայն այս տեղեկությունն է առկա։ «Ես պատասխանատու չեմ, թե երկրորդ անվանումը ինչ աղբյուր ունի, բայց նշում եմ, որ «Ռոյալ բոքս կարգո» վերտառությամբ իրավաբանական անձ միայն համապատասխան տվյալներով է առկա»,- ասաց դատախազը։ Բալայանն էլ հայտնեց իր ողջամիտ կասկածները, թե գուցե կազմակերպության նախկին անվանումը եղել է «Ռոյալ շիփինգ ֆոնդ», հետո է փոխվել այն։  Դատարանը նիստը հետաձգեց՝ ժամանակ տալով պատասխանողների ներկայացուցիչներին։ Գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ 16։00-ին։ Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
19:15 - 30 հունվարի, 2024
Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
 |hetq.am|

Բեգլարյանի ներկայացուցիչները դատախազության դեմ հակընդդեմ հայցը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 17-ին տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը։ Նախորդ դատական նիստին Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչները հակընդդեմ հայց էին ներկայացրել դատախազության դեմ, ինչը մերժել էր դատարանը: Պատասխանողների ներկայացուցիչներից Նորայր Բալայանը հայտնեց, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ըստ Բալայանի` օգոստոսի 14-ին իրենց բողոքը հասել է Վերաքննիչ դատարան, սակայն հնարավորություն չեն ունեցել ճշտելու, թե որ փուլում է այժմ բողոքի քննությունը: Դատարանը պատրաստվում էր ապացուցման բեռի բաշխում իրականացնել, սակայն քանի դեռ Վերաքննիչ դատարանի որոշումը չկա հակընդդեմ հայցի բողոքի մասին, չի կարող բաշխումն իրականացվել: Դատարանը հաջորդիվ լսեց երկու կողմերի տեսակետները, թե ապացուցման բեռի բաշխման ինչպիսի մոտեցումներ ունեն: Քանի որ Վերաքննիչ դատարանի որոշման ժամկետի վերաբերյալ հստակ տեղեկություն չկար, հաջորդ նիստի օր չնշանակվեց: Եվ կախված վերադաս ատյանի որոշումից` դատարանը կնշանակի նիստի օր կամ ապացուցման բեռի բաշխման մասին որոշումը կկայացնի և կուղարկի կողմերին:
17:31 - 17 օգոստոսի, 2023
Բեգլարյանների փաստաբանները պնդում են՝ դատախազությունը «իրավունքի չարաշահումներ է թույլ տվել»
 |civilnet.am|

Բեգլարյանների փաստաբանները պնդում են՝ դատախազությունը «իրավունքի չարաշահումներ է թույլ տվել» |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ընդդեմ Գագիկ Բեգլարյանի, Նունե Բեգլարյանի, Հրանտ Բեգլարյանի, Նատելլա Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին» գործի քննությունը։ Այս նիստին ներկայացել էին «Արաբկիրի կարի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի և «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը, ինչպես նաև «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Մուրադյանը։ Տվյալ ընկերությունները այս գործով ներգրավված են որպես երրորդ անձինք։ Նրանք այս կամ այն կերպ առնչություն ունեն Բեգլարյանների հետ։ Մասնավորապես, «Ագաթտրանսսերվիս» ՍՊԸ-ի բաժնետերը Գագիկ Բեգլարյանի որդի Հրանտ Բեգլարյանն է, «Արաբկիրի կարի ֆաբրիկա մեկ» ՓԲԸ-ի իրական շահառուն՝ Գագիկ Բեգլարյանը, իսկ նրա կինը «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է։ Այս նիստին Գագիկ Բեգլարյանի և մյուսների ներկայացուցիչները հայտնեցին, որ վերահաշվարկներ են իրականացրել և հայցի վերաբերյալ առարկություններ ունեն։ Նախքան պատասխանողի կողմից դիրքորոշում ներկայացնելը դատավոր Նարինե Ավագյանը հետաքրքրվեց, թե արդյոք նրանց բերած առարկություններում տեղ են գտել Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերության մասին տվյալներ։ Նախորդ նիստերից մեկին Բեգլարյանների նախկին ներկայացուցիչներից փաստաբան Էդգար Անդրեասյանը պնդել էր, թե Գագիկ և Բեգլար Բեգլարյանները 1994-ին այլ անձանց հետ համատեղ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծել են «Ռոյալ բոքս կարգո» ՍՊԸ-ն՝ յուրաքանչյուրն ունենալով 25 տոկոս բաժնեմաս, և ստացել են եկամուտ շահաբաժինների տեսքով։ «Հիմքում դրված էր այդ ընկերության կողմից գործունեության ծավալումը, սակայն չկար, թե ինչպես է այդ ընկերությունը հիմնադրվել։ Այս ընկերության վերաբերյալ տվյալներ կա՞ն»,- հետաքրքրվեց դատավորը, իսկ Բեգլարյանի նոր ներկայացուցիչ, փաստաբան Գոհար Գևորգյանը նշեց, թե այդ մասով «դեռևս վերջնական պատասխաններ չեն ստացել այլ երկրից»։ Այնուհետև նա ներկայացրեց կողմի առարկությունները հայցի վերաբերյալ։ Փաստաբանը ընդգծեց, որ ուսումնասիրության մեկնարկից մինչև հայցադիմում ներկայացնելու պահը, հայցվորի՝ տվյալ դեպքում դատախազության կողմից խախտվել են քաղաքացիական սկզբունքի կանոններն ու թույլ են տրվել իրավունքի չարաշահումներ։ Ըստ ներկայացուցչի՝ օրենքի տեսանկյունից ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքեր չեն եղել։ Կողմը նաև կարծում է, որ անհասկանալի է ուսումնասիրության ժամանակահատվածի ընտրությունը։ Պատասխանողի մյուս ներկայացուցիչ, փաստաբան Գոհար Ավագյանը պնդեց, թե «դատախազությունը որևէ փաստաթղթում չի նշել, թե պատասխանողը ինչ հակաիրավական արարքներ է կատարել, որոնք հանգեցրել են պետական շահի խախտմանը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:04 - 13 հունիսի, 2023
Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների  չհայտարարագրված տները Դուբայում   
 |hetq.am|

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում |hetq.am|

hetq.am: Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ.  միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր: Նա անշարժ գույք է գնել «Palm Jumeirah»-ի «ցողունի» վրա գտնվող «Fairmont Palm Residence» համալիրի հյուսիսային մասնաշենքում՝ «The Residences North»-ում: Բեգլարյանի տունը 8-րդ հարկում գտնվող բնակարան է, որի մակերեսը 160 քմ է, ունի 2 ննջասենյակ, պատշգամբ (18 քմ): Նախկին պաշտոնյան նաեւ մեքենայի կայանատեղ ունի այստեղ: Դուբայի կադաստրի գնահատմամբ՝ «Palm Jumeirah»-ում գտնվող եւ 2 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 134.000-164.000 արաբական դիրհամ (36-45 հազ. դոլար), որը չի ներառում կոմունալ ծառայությունների վճարները: Այդուհանդերձ, ներկա պահին Հ. Բեգլարյանի բնակարանը վարձակալ չունի: Շեշտենք, որ մինչ օրս հենց Հակոբ Բեգլարյանն է տան սեփականատերը:  Ներկայում «Fairmont Palm Residence»-ի վերոնշյալ մասնաշենքում կարելի է 2 ննջասենյակով բնակարան ձեռք բերել սկսած 3,3 մլն արաբական դիրհամից (900 հազ. դոլար): Նախկին պաշտոնյային ուղարկել էինք նույնատիպ հարցեր, ինչ եղբորը, բայց եթե Գագիկ Բեգլարյանը մեր նամակը ստացել է ու չի պատասխանել, ապա Հակոբ Բեգլարյանին փոստատարն այդպես էլ չի կարողացել հանձնել նամակը: Այնուհետ զանգահարել ենք նախկին պատգամավորի բջջային համարին: Ճշտելուց հետո, որ իր հետ զրուցողը լրագրող է, Բեգլարյանի ձայնով անձն ասաց. «Ինքը տեղում չի, քաղաքում չի», ապա անջատեց հեռախոսը:  Հակոբ Բեգլարյանը չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալը Հ. Բեգլարյանը, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) տեղեկացմամբ, երբեւէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող գույք: Նա այս գույքը չի հայտարարագրել նաեւ 2017 թ. փետրվարին, երբ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու հայտարարագիր է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Խնդիրն այն է, որ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեական հանցանք է համարվում 2017-ի հուլիսից այս կողմ: Քրեականացումից հետո Հակոբ Բեգլարյանը պաշտոնավարման բերումով ԿԿՀ-ին ներկայացրել է 3 հայտարարագիր, որոնցից վերջինը՝ պաշտոնի դադարեցման հայտարարագիրը, պետք է պարունակեր ԱԺ պատգամավորի մանդատը թողնելու օրվա՝ 2019 թ. հունվարի 14-ի դրությամբ Բեգլարյանի ունեցած անշարժ գույքի բոլոր տվյալները: Բայց, ինչպես ասացինք, Դուբայի բնակարանը նա երբեւէ չի հիշատակել:  Սա, թերեւս, խնդիրներ կառաջացնի նախկին պաշտոնյայի համար: 2019-ի փետրվարին, երբ Բեգլարյանը ներկայացրել է իր վերջին հայտարարագիրը, ուժի մեջ էր նախկին Քրեական օրենսգիրքը: Այն սահմանում էր, որ առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքը հայտարարագրումից թաքցնելը պատժվում է 2-4 տարվա ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ առանց դրա:  Նախկին պատգամավորը 2 բնակարան ունի Դուբայում Հրանտ Դավթյանն այն հայերից է, որոնք Դուբայում համեմատաբար շուտ են գույք ձեռք բերել: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր է եղել 2012-2017 եւ 2018-2019 թթ.: Դավթյանի արաբական ունեցվածքի մասին գրել էինք 2018-ի աշնանը: Սակայն անդրադարձել էինք այն ժամանակ դեռեւս պաշտոնավարող Դավթյանի միայն մեկ բնակարանին, քանի որ մյուսի մասին տեղեկություններ չունեինք:  Բնակարաններից մեկը Դավթյանը հայտարարագրել էր «Հետքի» հարցերից հետո Մեր ունեցած տվյալների հիման վրա գրել էինք, որ Հ. Դավթյանը բնակարան ունի Դուբայ Մարինայում (հայտնի է նաեւ որպես Մարսա Դուբայ), որը քաղաքի բավականին արագ զարգացող ու կառուցապատվող, գերժամանակակից շենքերից կազմված շրջան է: Դավթյանի տունը գտնվում է «Al Sahab» զույգ աշտարակներից առաջինում: 2018-ին նշել էինք, որ Դավթյանը բնակարան է ձեռք բերել 24-հարկանի «Al Sahab 1» աշտարակի 7-րդ հարկում, իսկ նրա ընկեր, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 44-հարկանի «Al Sahab 2»-ի 6-րդ հարկում: Հակոբյանը դեռ այն ժամանակ մեզ հայտնել էր, որ հարկային պարտավորությունների կատարման համար բնակարանը վաճառել է: Բայց ավելի հետաքրքիր էր Դավթյանի պարագան:  Այսպես՝ «Al Sahab»-ում Հրանտ Դավթյանը գույք է գնել 1997-2007 թթ. միջակայքում, բայց երբ 2012-ին ԱԺ պատգամավոր է դարձել, չի հայտարարագրել արաբական այս բնակարանը, ինչը պարտավոր էր անել: Ամեն դեպքում, ինչպես վերեւում նշեցինք, հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը հանցանք չէր համարվում մինչեւ 2017 թ. հուլիս ամիսը, ինչն էլ լավ առիթ էր շատ հայ պաշտոնյաների համար, որոնք պարտաճանաչ չեն գտնվել իրենց պարտականությունները կատարելիս: Այն, որ Հ. Դավթյանը «Al Sahab»-ի իր գույքը չի հայտարարագրել մինչեւ 2018 թ., տեղեկացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից: Իսկ 2018-ին դա անելուն ակամա նպաստել է «Հետքի» լրագրողի հարցադրումը:  2012-2017 թթ. պատգամավորության շրջանից հետո Հրանտ Դավթյանն առաջադրվել էր նաեւ 2017 թ. ընտրություններում: Որպես թեկնածու նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագիր էր ներկայացրել 2017-ի փետրվարին, սակայն դրանում նշել էր միայն Հայաստանում ունեցած 5 միավոր անշարժ գույք: Այդուհանդերձ, Դավթյանը նորից պատգամավոր էր դարձել ոչ թե 2017-ի, այլ 2018-ի ամռանը, երբ նրա կուսակիցներից մեկը հրաժարվել էր մանդատից: Եվ ահա դրանից հետո «Հետքի» լրագրողը մի քանի հարց էր տվել նրան Դուբայում ձեռք բերած գույքի մասին: Դավթյանը խոստովանել էր, որ այնտեղ, իր հիշելով, 86 քմ մակերեսով բնակարան ունեն, որն իր տնեցիներից մեկի անունով է, դրա համար էլ մինչ այդ չի հայտարարագրվել: Միաժամանակ նշել էր, որ այն ձեռք են բերել մոտ 15 տարի առաջ, երբ Դուբայում տուրիստական բիզնես էին հիմնել: «Հյուրանոցներից էժան էր էն վախտ, դրա համար էի վերցրել»,- ասել էր Հ. Դավթյանը: Այս զրույցից հետո՝ 2018-ի սեպտեմբերին, Հ. Դավթյանը ԿԿՀ-ին էր ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր, որում առաջին անգամ ցույց էր տվել արաբական բնակարանը այն գնելուց տարիներ անց: Հանձնաժողովից վերջերս տեղեկացել ենք, որ 2018-ին հայտարարագրվածը համատեղ սեփականության իրավունքով գույք է:    Հրանտ Դավթյանի խոսքերը համադրելով փաստերի հետ՝ տեսնում ենք, որ նա շատ լավ էլ հիշում էր մանրամասները, այդ թվում՝ գույքի չհայտարարագրված լինելը (չնայած համասեփականատերերից մեկն էլ ինքն է), ընտանիքի անդամներից մեկի սեփականատեր լինելը, անգամ՝ մակերեսը: Այսպես՝ 1997-2007 թթ. արանքում Դավթյանն ու կինը՝ Աննա Դավթյանցը, «Al Sahab 1»-ի 7-րդ հարկում 85 քմ մակերեսով բնակարան են գնել, որն ունի 1 ննջասենյակ, պատշգամբ (5 քմ): Ամուսինները նաեւ ավտոկայանատեղի ունեն: Փաստորեն, ըստ Դավթյանի, իրենք տունը ձեռք են բերել մոտավորապես 2003 թ. («Հետքի» լրագրողի հետ զրույցից շուրջ 15 տարի առաջ), ինչը եւս չի հակասում մեր ունեցած տվյալներին:  Դուբայի կադաստրից տեղեկանում ենք, որ ամուսինները գույքը վարձակալության են հանձնել. ներկա պահին այն վարձակալ ունի: Ըստ կադաստրի՝ Դուբայ Մարինայում 1 ննջասենյակ ունեցող բնակարանի վարձակալության տարեկան վճարը կարող է լինել 71.000-87.000 արաբական դիրհամ (20-24 հազ. դոլար): Մյուս կողմից՝ ներկայում «Al Sahab» համալիրում կարելի է 1 ննջասենյակով բնակարան գնել սկսած 1,4 մլն արաբական դիրհամից (380 հազ. դոլար):  2018-ին պաշտոնը ստանձնելու եւ 2019-ին այն թողնելու առիթով Հ. Դավթյանը ներկայացրել է հայտարարագրեր, որտեղ նշել է այս բնակարանը: Այսինքն՝ այս առումով նա խախտում թույլ չի տվել: Բայց սա ամենը չէ: Հրանտ Դավթյանը եւս մի գույք է ձեռք բերել Դուբայում, որի մասին նա չի հայտնել ո՛չ «Հետքի» լրագրողին, ո՛չ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:17 - 17 ապրիլի, 2023
Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց
 |hetq.am|

Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Երևանի նախկին քաղաքապետ, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման գործով դատական նիստն այսօր բացվեց և հետաձգվեց։ Դատական նիստը նախագահող՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին և դուստրը։ Միջնորդությամբ նախկին պաշտոնյան և իր ընտանիքի անդամները հայտնել են, որ նախորդ նիստերին մասնակցած փաստաբանն այլևս չի ներկայացնում իրենց շահերը, և խնդրել են այդ հիմքով նիստը հետաձգել։ Դատավորը տեղեկացրեց, որ գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը խախտումներով է ներկայացվել, որը քննության ենթակա չէ, բայց նիստը հետաձգելու այլ պատճառ կա։ «Ըստ էության սա չի քննարկվում, ուղղակի նկատի ունենալով, որ ներկայացուցչի լիազորությունները դադարեցվել են՝ ամեն դեպքում դատարանն էլ պարզաբանման ենթակա հարցեր ունի, որոնք որ պետք է տար պատասխանողին, այդ հիմքով այս դատական նիստը ենթակա է հետաձգման»,- հայտարարեց դատավոր Նարինե Ավագյանը՝ փորձելով լսել հայցվոր կողմի դիրքորոշումը։ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նկատեց, որ գուցե այդ միջնորդությունը մարտավարական հնարք է գործի քննությունը երկարաձգելու, «գոյություն չունեցող փաստաթղթեր ստեղծելու և դրանք դատարան ներկայացնելու համար»։ Շարունակությունը` hetq.am-ում
17:33 - 27 հունվարի, 2023
Գագիկ Բեգլարյանը հափշտակել է Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր

Գագիկ Բեգլարյանը հափշտակել է Երևանում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր

Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթը, որի ընթացքում պարզվել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության  շահերին հակառակ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ անշարժ գույքեր, հայտնում են Գլխավոր դատախազությունից։  Մասնավորապես՝​ Երևան քաղաքի Թամանյան 3 հասցում տեղակայված անշարժ գույք և դրան կից՝ նկուղային հարկում գտնվող միավոր. Մաշտոցի պողոտա 58 շենք, անշարժ գույք 25. Չարենցի փողոց 4 շենք, անշարժ գույք 129. Վարդանանց փողոց 26/1 շենք, անշարժ գույք 35. Մաշտոցի պողոտա 6-րդ շենք, անշարժ գույքեր 88 և 89. Վարդանանց փողոց 5Ա շենք, անշարժ գույք 366. Տերյան փողոց 59 շենք, անշարժ գույք 33. Սայաթ-Նովա փողոց 37/1 շենք, անշարժ գույք 50. Թումանյան փողոց 38 շենք, անշարժ գույք 52. Կողբացու փողոց 1 շենք, անշարժ գույք 121. Իսրայելյան փողոց 39 շենք, անշարժ գույք 1. Պուշկինի փողոց 58 շենք, անշարժ գույքեր 52 և 53. Սարյան փողոցի 20/1 շենք, անշարժ գույք 83. Մաշտոցի պողոտա 51 շենք, անշարժ գույք 43. Խորենացի փողոց 47/1 շենք, անշարժ գույք 121. Մաշտոցի պողոտա 40Ա շենք, անշարժ գույք 100. Կորյունի փողոց 5 շենք, անշարժ գույք 83. Պարոնյան փողոց 15 շենք, անշարժ գույք 37. Խորենացի փողոց 43 շենք, անշարժ գույք 96. Թումանյան փողոց 5Ա շենք, անշարժ գույք 45. Տերյան փողոց 1 շենք, անշարժ գույք 37. Արմենակյան փողոց 153 (հողամաս). Սարյան փողոց 36/4 (հողամաս). Էջմիածնի հին խճուղի փողոց 28 (հողամաս): Այնուհետև, նշված պաշտոնատար անձը, ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու, հանցավոր հետքերը վերացնելու նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի շարք անձանց ներգրավմամբ, տարաբնույթ ձևական գործարքներ իրականացնելու ճանապարհով, միջոցներ է ձեռնարկել հափշտակության առարկա հանդիսացող անշարժ գույքերի գերակշիռ մասն օրինականացնելու համար: Հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել են նաև մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) հատկացված շենք-շինությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը, խախտվել են նախակրթական հաստատությունում սովորող մի քանի տասնյակ երեխաների իրավունքներն ու օրինական շահերը: Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝  նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սեփական նախաձեռնությամբ, 2022 թվականի նոյեմբերի 15-ին որոշում է կայացրել Գ.Բ.-ի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի  190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով  գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ,  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում): Նույն օրը որոշումն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչին՝ Գ.Բ.-ին մեղադրանք ներկայացնելու համար: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, պետության և համայնքի օրինական շահերը և խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
10:23 - 16 նոյեմբերի, 2022
Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել

Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Երևան քաղաքում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում,  ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքերը, Կոտայքի մարզում (համայնք Ծաղկաձոր) գտնվող 2 հողամասերը և Արարատի (համայնք Սիս) մարզում գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10.704.483.825 ՀՀ դրամ, 10 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով, 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի, ինչպես նաև գույքերի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ, 3.317.008.604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը: Նշվածը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ:
17:40 - 28 հունիսի, 2022
Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով |1lurer.am|

Գագիկ Բեգլարյանն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով |1lurer.am|

1lurer.am: Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից։ Ըստ ծանուցման՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։ Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։ Նունե Նիկոլյանին, Հրանտ Բեգլարյանին և Նատելլա Բեգլարյանին պատկանող գույքերը, ըստ դատախազության, հանդիսանում են բռնագանձման ենթակա։ 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով ու պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, յուրացրել է Երևանի Կենտրոնում՝ Թամանյան փողոցում գտնվող մանկապարտեզը՝ 233.4 միլիոն դրամ արժողությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Երևանի ավագանու և քաղաքապետ եղած ժամանակվա իր համապատասխան որոշումներով Բեգլարյանը 228 քառակուսի մակերեսով մանկապարտեզի տարածքն ընդամենը 23 միլիոն դրամով օտարել էր սեփական որդուն՝ Հրանտ Բեգլարյանին։ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ այս տարվա մայիսին նա վերադարձել էր ՀՀ՝ դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցելով պատճառված վնասը։ Եվս 50 միլիոն դրամ Բեգլարյանը վճարել էր խափանման միջոց գրավի համար։ Շարունակությունը՝ 1lurer.am-ում
13:14 - 20 դեկտեմբերի, 2021
Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

Գագիկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ արձակվեց |armtimes.com|

armtimes.com: Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկի նախարար Գագիկ Բեգլարյանը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 50 միլոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»,-ասաց Աբրահամյանը: Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ԱԱԾ-ին է հանձնվել 57-ամյա Գագիկ Բեգլարյանը, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
15:26 - 18 մայիսի, 2021
«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը. նա ներկայացվել է ԱԱԾ

«Զվարթնոց» օդանավակայանից ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը. նա ներկայացվել է ԱԱԾ

Երեկ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները  Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և ԱԱԾ են ներկայացրել Հայաստան ժամանած ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն: Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
11:21 - 18 մայիսի, 2021
Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

Հեղափոխությունից երկու տարի անց. քրեական գործերը առաջ չեն գնում |civilnet.am|

civilnet.am: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ մարմինները սկսեցին ուսումնասիրել ու կոռուպցիոն բնույթի քրեական գործեր հարուցել նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այդ աղմկահարույց գործերի մեծամասնությունը երկար ժամանակ է, ինչ նախաքննության փուլում է, ու քննությունն իրականացնող մարմինը դեռ գործը չի ուղարկում դատարան։ Որոշ դեպքերում ապօրինի օտարված գույքն ուղղակի հետ է վերադարձվում, և գործը կարճվում է։ ՍիվիլՆեթը քննչական մարմիններին հարցումներ է ուղարկել և ամփոփել մի շարք քրեական գործերի ներկա ընթացքը։  «Խութ» հիմնադրամի նախկին տնօրենը՝ մեղադրյալ, վնասի  չափը պարզ չէ 2019-ի սեպտեմբերին ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ «Խութ» հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարած նվիրատվությունների հարցով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ 2013-2014 թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ։ Ավանի թաղապետարանի համապատասխան պաշտոնատար անձը քաղաքացիներից պահանջել է գումարներ փոխանցել հիմնադրամին՝ շինթույլտվություն տրամադրելու դիմաց։  «Խութ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ մեղադրանք է առաջադրվել միայն հիմնադրամի նախկին տնօրենին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ նախկին տնօրենը եղել է Կարինե Վարդանյանը, որը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2005-2018  թթ․։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քննության ներկա փուլում տուժողներ չկան, հասցված վնասի չափը հաշվարկված չէ։  «Գումարային փոխանցումների, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու նպատակով նշանակվել է դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- պատասխանել են կոմիտեից։  Չարաշահումներ ֆուտբոլում. Ռուբեն Հայրապետյանը վկա է 2019-ի հոկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակ» կայքը գրեց, որ Հայաստանում կառուցված ֆուտբոլային ակադեմիաները կառուցվել են մեկ շինարարական ընկերության՝ «Զեյթուն կահույքի ֆաբրիկայի» կողմից, որի սեփականատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն է։ Ֆեդերացիան հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել ակադեմիաների կառուցապատման պայմանագրերը։ Դրանց կառուցումը միլիոնավոր դոլարներ էր արժեցել։  Հրապարակումից ամիսներ անց ոստիկանության 6-րդ վարչությունում  հարուցվեց քրեական գործ՝ մարզադաշտերի, մարզադպրոցների կառուցման ընթացքում չարաշահումների հատկանիշներով։  Մարտի 13-ին քննչական կոմիտեից հայտնել են, որ այս գործում ներառված են նաև փաստեր «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի վերանորոգման աշխատանքերի ընթացքում չարաշահման վերաբերյալ։  «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել խարդախության ու փաստաթղթերի կեղծման համար։ Նա գրավով ազատ է արձակվել։ Շինարարական աշխատանքների հսկողություն իրականացնող  Ֆեդերացիայի նախկին աշխատակցին ևս մեղադրանք է առաջադրվել՝ դարձյալ նույն հատկանիշներով։ Վերջինս երկու ամսով կալանավորվել է։  «Սույն քրեական գործով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Վանեցյանը հարցաքննվել են որպես վկա և ունեն վկայի դատավարական կարգավիճակ»,- հայտնել են Քննչական կոմիտեից։ 2012-2018 թթ. ընթացքում Ֆեդերացիայի կողմից իրականացված շինարարության արդյունքում Ֆեդերացիային պատճառված վնասը կազմել է ավելի քան 413 միլիոն դրամ, նախաքննությունը շարունակվում է։  Չարաշահումներ զինվորականներին բնակարաններ բաշխելու ընթացքում. Վիգեն Սարգսյանը երկրում չէ 2019-ի սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հաղորդեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար։ Հարուցված քրեական գործը վերաբերում է զինծառայողներին բնակարանների բաշխման կարգի խախտումներին։ Գործի հարուցումից հետո այն Քննչական կոմիտեից ուղարկվեց Հատուկ քննչական ծառայության վարույթ, իսկ հետո Հատուկ քննչական ծառայությունը գործը հետ ուղարկեց Քննչական կոմիտեին։ Մարտի 13-ին Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, Վիգեն Սարգսյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկվել և պարզվել, որ վերջինս «գտնվում է ՀՀ սահմաններից դուրս»։  Սիվիլնեթը հետաքրքրվել էր, թե մասնավորապես ինչ դրվագով է պաշտպանության նախկին նախարարը չարաշահել իր լիազորությունները։ Ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ դա նախաքննական գաղտնիք է։  Հետախուզում են ճոպանուղու նախկին տնօրենին 2019-ի ապրիլին գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Ծաղկաձորի ճոպանուղին շահագործող ընկերությունը հարկեր չվճարելու տեսքով պետությանը պատճառել է ավելի քան 476 միլիոն դրամի վնաս։ Ճոպանուղին պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, սակայն  հավատարմագրային կառավարման է հանձնվել «Լեռնատուր» ընկերությանը։ Ընկերության նախկին տնօրենը՝ Ասատուր Պողոսյանը, գործով մեղադրյալ է և հետախուզվում է։ Հարցերին, թե արդյոք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկա և նախկին նախագահներ Գագիկ Ծառուկյանն ու Իշխան Զաքարյանը հարցաքննվել են այս գործով, Պետական եկամուտների կոմիտեի քննչական բաժնից չեն պատասխանել։  Սիգի գործով մեղադրյալներ, կալանավորվածներ չկան  2019-ի հուլիսին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ սիգ ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018 թթ․ ապօրինի արդյունահանվել, արտահանվել է ավելի քան 44 000 կիլոգրամ սիգ։ Հարուցվել էր քրեական գործ։ Դրան նախորդել էր հրապարակում այն մասին, որ սիգի որսով, պահածոյացմամբ ու արտահանմամբ է զբաղվում  «Գալիլիա» ՍՊԸ-ն, որի համասեփականատեր է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Պարզվել էր նաև, որ Սևան ազգային պարկի նախկին տնօրենը մինչև պաշտոն զբաղեցնելը եղել է «Գալիլիա»-ի տնօրեն։  Մարտի 2-ին քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնել են, որ ««Գալիլիա» ՍՊԸ-ի աշխատակիցները քրեական գործի քննության շրջանակում  հարցաքննվել են և ներկա փուլում դատավարական կարգավիճակ չունեն»։ Քրեական գործով մեղադրյլաներ, ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան։  «Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ պետությանը պատճառված վնասի հստակ չափը, ինչպես նաև դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և գործով անցնող անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի պատասխանում։  Վլադիմիր Գասպարյանը ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածյալ «Հետք» էլեկտրոնային թերթը 2018-ի օգոստոսին գրեց, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տարբեր սխեմաների կիրառման արդյունքում ձեռք է բերել Երևանի Հաղթանակի զբոսայգուն կից շքեղ առանձնատներից մեկը՝ 200 000 դոլարով, այնինչ այն գնահատվում էր 3 միլիոն դոլար։ Առանձնատան սեփականատեր է եղել գործարար Աղասի Դանիելյանը, ապա՝ ոստիկանապետի զոքանչ Հեղուշ Գալստյանը։ Այնուհետև վարկային պարտավորությունները չկատարելու դիմաց գույքը դրվել է աճուդի, և այդ ժամանակ այն գնել է Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, որը գնումից օրեր անց առանձնատունը նվիրել է Գասպարյանի որդուն։  2018-ի սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։  2020-ի մարտի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ «Գործով մեղադրյալի կամ կասկածյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձ չկա։ Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործով այլ մանրամասներ, այդ թվում՝ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ, չենք կարող հայտնել»,- նշված է պատասխանում։  Ապրիլի 13-ին «Հետքը» հաղորդեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նախկին ոստիկանապետը 900 միլիոն դրամ պետք է փոխհատուցի առանձնատան նախկին սեփականատիրոջը։ Անկախ դատական ելքից՝ Հատուկ քննչական ծառայությունում առանձնատան վերաբերյալ քրեական գործը շարունակվում է։  Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը քրեական հետապնդման չեն ենթարկվի 2018-ի օգոստոսի 29-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ նախկին նախարարի և պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել։ Ըստ հաղորդագրության՝ ունիվերսալ վարկային կազմակերպություններից մեկի բաժնետերը հաղորդում է ներկայացրել, որ 2012-2016 թթ․ ընկերության գլխավոր տնօրենն իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ է օգտագործել ու օրենսդրության խախտմամբ տարբեր կազմակերպությունների վարկեր է տրամադրել։ Գործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության տնօրենը։ Հետագայում դրանից բխող երեք տարբեր քրեական գործեր են բացվել ու միավորվել մեկ գործի մեջ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ բաժնեմասի շորթում կատարելու և բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ հավաքելու հարցում մի ցուցմունքում նշվել է [տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի անունը։ Բացի այդ տվյալներ են ձեռք բերվել, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը պաշտոնեական լիազորություններն անցել է։ Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն։  Հարցմանն ի պատասխան՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ «քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, և քննիչի կողմից որոշում է կայացվել Բեգլարյանի ու Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»։ Քրեական գործը հետ է ուղարկվել Քննչական կոմիտե։  Հատուկ քննչական ծառայությունը մեկ այլ հարցման պատասխանել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, որի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով։  «Ձորահէկ»-ի մասնավորեցում. մեղադրյալը միայն Սեյրան Օհանյանն է 2019-ի մայիսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ ուսումնասիրվել է «ՁորաՀԷԿ» ՓԲԸ-ի օտարման գործըթնացը։ Հիդրոէլեկտրակայանը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Ըստ դատախազության՝ բարձր եկամտաբերություն ունեցող «ՁորաՀԷԿ»-ը, որի արժեքը օտարման պահին կազմում էր 8 միլիարդ դրամ, օտարվել է 3,6 միլիարդ դրամով։  Գնորդը եղել է «Ձորագետ հիդրո» ընկերությունը, որը կապվում էր Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ։ Իրավաբանական անձանց էեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ մի քանի օֆշորային ընկերություններից զատ՝ այստեղ բաժնեմասեր են ունեցել Մինասյանի մտերիմները՝ Արմեն Պետրոսյանն ու Լեոնիդ Արևշատյանը։ Ավելի ուշ ՀԷԿ-ն անցել է «Ռեալ էներգո ինվեստ գրուպին», որն իր հերթին պատկանում է հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։  ՀԷԿ-ի օտարման հետ կապված մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ 3 միլիոն դոլարի վատնում թույլ տալու համար։ ՀՔԾ-ից ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր՝ արդյոք Միքայել Մինասյանը, Արմեն Պետրոսյանը և Լեոնիդ Արևշատյանը հրավիրվել ու հարցաքննվե՞լ են այս գործով։ Ստացվել է պատասխան, որ նախաքննական տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ նշված տեղեկությունը չի տրամադրվում։  Ազգային պատկերասրահի անհետացած նկարների նախաքննությունը շարունակվում է 2019-ի ապրիլին Գլխավոր դատախազությունը հաղորդեց Հայաստանի ազգային պատկերասրահից թանգարանային առարկաների անհետացման մասին։  Ըստ դատախազության՝ Ազգային պատկերասրահի հետ միավորված «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ում թանգարանային առարկաների առկայության ստուգման ժամանակ պարզվել է, որ բացակայում են 626  անուն թանգարանային առարկաներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի «հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարն ու Հովհաննես Զարդարյանի «Վերածնունդ» գեղանկարը։  Ազգային պատկերասրահից 120 միլիոն դրամ արժեքով մշակութային արժեքների անհետացման փաստով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը ևս շարունակվում է։  Քննչական կոմիտեից Սիվիլնեթին վստահեցրել են, որ մեծածավալ քննչական աշխատանքներ են կատարվում՝ բացակայող մշակութային արժեքների ցանկը ու դրանց անեհտացման հանգամանքները պարզելու համար։ Այս գործով ևս մեղադրյալներ չկան։  Կարճևանի հողերը կվերադարձվեն, Հովիկ Աբրահամյանը օտարման հետ կապ չունի Հայաստան-Իրան սահմանի մոտ «Մեղրի ազատ տնտեսական գոտուն» հարակից հողերի օտարման գործով շրջանառվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մարտին Սարգսյանի անունները։ Այս գործը, ի տարբերություն վերը թվարկածների, հասել է մինչև դատարան, Կարճևան համայնքի ղեկավարն ու քարտուղարը պատժվել են տուգանքով։  Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցված քրեական գործի համաձայն՝ 2014-ի հուլիսին Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Մարտին Սարգսյանը ժամանել է Մեղրի, մատնացույց արել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-իր տարածքները, իր ու Հովիկ Աբրահամյանի անունից հանձնարարել դրանք օտարել «Էսիէյ» ընկերությանը, որի սեփականատերը եղել է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի ներդրումային հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը։  Կարճևանի համայնքապետ Արմեն Ավետիսյանն իր ցուցմունքում նշել էր, որ Մարտին Սարգսյանն իրեն ակնարկել է նշված գործողությունը չիրականացնելու դեպքում խնդիրներ առաջանալու մասին։ Այնուհետև կազմակերպվել է հողերի օտարման կեղծ աճուրդ, որով գյուղատնտեսական նշանակության 20 հեկտար հողը 1,5 միլիոն դրամով, 7 հեկտարը՝ 550 000 դրամով և 5 հեկտարը՝ 385 000 դրամով օտարվել են «Էսիէյ» ընկերությանը։ Որոշ հողատեսքեր համայնքի ղեկավարը օտարել է նաև իր հետ փոխկապակցված անձի։  Մարտին Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այս գործով ունեցել են վկայի կարգավիճակ։  Դատաքննության փուլում դատավճռով Կարճևանի համայնքապետը տոգանվել է 800 000 դրամով և երկու տարով զրկվել ՏԻՄ-երում ղեկավար աշխատելու հնարավորությունից։ Նրա աշխատակազմի քարտուղարը տուգանվել է 300 000 դրամով և մեկ տարի չի կարողանա աշխատել ՏԻՄ-ում։  «Ռադիո» ՓԲԸ-ի օտարում. մեղադրյալներ նորից չկան 2019-ի դեկտեմբերի 5-ին ոստիկանությունը հաղորդեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ ապօրինություններ են տեղի ունեցել «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման ընթացքում։ «Ռադիո» ՓԲԸ-ն գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում։ Ռադիոհեռարձակման կայանը հիմնվել է 1965-ին։   Մինչև մասնավորեցումը «Ռադիո» ՓԲԸ գույքը գնահատվել է 1,172 միլիարդ դրամ, սակայն մասնավորեցման գործըթնացի ժամանակ կեղծ տեղեկանքներ են կազմվել այն մասին, որ գույքն ունի 70  և ավելի տոկոսի մաշվածություն։ Այն գնահատվել է 412 միլիոն դրամ և օտարվել Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության։ Մինչև ոստիկանության հաղորդագրությունը, մամուլում հրապարակումներ եղան, որ «Ռադիո»-ի գնորդ կազմակերպության սեփականատերերն են մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ու Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։  Հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեի վարույթում է։ Այստեղից Սիվիլնեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են․ «Նախաքննության ներկա փուլում մեղադրյալներ չկան»։  «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն»,- նշված է պատասխանում։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:52 - 23 ապրիլի, 2020
Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան |armtimes.com|

Գ. Բեգլարյանի եղբայրը, հանդիսանալով ՓԲԸ-ի տնօրեն, ողջ գույքը 25 տարով վարձակալության է հանձնել իր կնոջ ՍՊԸ-ին. Բաբայան |armtimes.com|

armtimes.com: Հեղափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեության հետ կապված 32 քրեական գործ է հարուցվել: Այդ գործերից մի քանիսն առնչվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Օրինակ՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրի Բեգլարյանը, հանդիսանալով պետական ՓԲԸ-ի տնօրեն, ամբողջ գույքը 25 տարի ժամկետով վարձակալության է հանձնել իր կնոջ անունով գրանցված ՍՊԸ-ին: Այս մասին ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա հետ զրույցը՝ ստորեւ. - Պարո՛ն Բաբայան, ձեր նշանակումից հետո ի՞նչ բացահայտումներ են արվել կոմիտեի գործունեության հետ կապված, քանի՞ քրգործ կա հարուցված, ի՞նչ փուլում են դրանք: - Գործերը, որոնք կա՛մ հարուցվել են, կա՛մ ուսումնասիրության փուլում են, այս պահին 32-ն են: Դրանց մի ստվար զանգվածը վերաբերում է գնահատող մի կազմակերպության, որին նախկինում պետական գույքի կառավարման վարչությունը պատվիրակել էր գույքի գնահատում՝ այն դեպքում, որ մենք ունենք գնահատման ՊՈԱԿ: Պատճառ է բերվել, թե այդ ՊՈԱԿ-ը ծանրաբեռնված է: Իսկ այդ կազմակերպությունը, ներկայիս մեր վերահաշվարկի տվյալներով, էապես ցածր է գնահատել, ու այդպիսի գործերի թիվը շատ է: Անգամ հիմա չեմ հիշում, թե այդ գնահատումների տարբերությունը քանի միլիարդ դրամի է հասնում: Նույնիսկ այդ գնահատումներից հետո գույքը գնահատված արժեքից  ցածր գնով է վաճառվել՝ հաճախ ներդրումների դիմաց, որոնց իրականացումը որոշ դեպքերում խնդրահարույց է: Մենք ունենք, օրինակ, հարուցված քրեական գործ՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» պետական ՓԲԸ-ի հետ կապված, որը փոխկապակցված է Բեգլարյանների ընտանիքի հետ: Ամբողջ ՓԲԸ գույքը 25 տարով վարձակալության է հանձնվել «Օլիմպիական ապագա» ՍՊԸ-ին: ՓԲԸ-ի տնօրենը Յուրի Բեգլարյանն է (Գագիկ Բեգլարյանի եղբայրը), իսկ ՍՊԸ-ն գրանցված է Յուրի Բեգլարյանի կնոջ անունով: Մյուս քրգործը վերաբերում է Ձորահէկ-ին, որը օտարվել է շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով: Մենք մինչեւ հիմա էլ որոշակի խախտումներ ենք հայտնաբերում: - Հեղափոխությունից հետո շուրջ 2 տարում Պետգույքի կառավարման կոմիտեն քանի՞ մասնավորեցված պետական գույք է կարողացել վերադարձնել պետությանը կամ քանի՞ նմանատիպ դեպք է արձանագրել եւ դիմել իրավապահներին: Ի՞նչ փուլում են դրանք: - Առհասարակ մասնավորեցված գույքը հետ բերելու նպատակ չպետք է լիներ: Ուղղակի բանն այն է, որ կան դեպքեր, երբ այդ մասնավորեցումներն աղաղակող խախտումներով են եղել: Էլ չասեմ, որ այդ ամբողջ ուսումնասիրությունը բավական մարդկային ռեսուրսներ է պահանջում, ու այդքան ժամանակ չկա: Առավել հայտնի գույքեր մասնավորեցվել են ավելի վաղ շրջանում՝ 90-ականներին, 2000-ականներին, եւ շատ դեպքերում դրանց մասին տեղեկատվությունը բացակայում է: Շատ են քրեական գործերը, որոնք հարուցվել են այդ խախտումների հետ կապված: Ասեմ, որ դրանք էլ երկար ձգձգվում են եւ բավականին ծավալուն են: Դժվար է նաեւ խախտումները, կոռուպցիոն դեպքերը գտնելը, որովհետեւ լինում են դեպքեր, երբ դրանցում առերեւույթ՝ թղթաբանորեն, օրենսդրորեն, ամեն ինչ պահպանված է: Ինչքան էլ որ մենք դեմ չենք եւ հարկ եղած դեպքում ուսումնասիրություններ ենք անում, այնուամենայնիվ, մեր հայացքներն ուղղված են դեպի առաջ: Մենք հիմա ունենք բավականին պետական գույք, որի արդյունավետ կառավարումը մեր գերխնդիրն է: - Ի՞նչ փուլում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից «Ակնալիճ կուղբաբուծական տնտեսություն» ընկերության փոխանցումը պետությանը: Արդյոք այդ հնարավոր նվիրաբերության մե՞ջ է ներառված նաեւ ներսի գույքը եւ կենդանիները: - Այն դեռեւս չի փոխանցվել պետությանը: Առայժմ ես չունեմ որեւէ հանձնարարական այս հարցով: Եթե չեմ սխալվում, դա բաց բաժնետիրական ընկերություն է: Եվ երբ բանը հասնի դրան, մենք նպատակահարմար ենք գտնում, որ ոչ թե ընկերությունն ընդունենք նվիրատվություն, այլ այդտեղ առկա առանձին գույքը: Եթե չեմ սխալվում, այդտեղ 25 առանձին անշարժ գույքի վկայական կա: Իսկ շարժական գույքն արդեն փոխանցողի որոշելու հարցն է: - Քանի՞ գույք ունի պետությունը, որոնք այս պահին աճուրդի են հանվել, եւ դրանց ընդհանուր արժեքը որքա՞ն է գնահատվում: Կա՞ն արդյոք դրանց մեջ խոշոր գույքեր, ինչպիսին, օրինակ, «Գոլդեն Փելես»-ն է: - Աճուրդի հանված խոշոր գույքերը շատ չեն: Խոշոր գույքերի դեպքում կառավարության որոշում պետք է լինի: -Քանի՞ պետական մարմին այս պահին շինության խնդիր ունի եւ օգտվում է մասնավորի վարձակալական տարածքներից, եւ կոմիտեն արդյոք հնարավորություն ունի՞ բոլոր պետական կառույցներին տարածքով ապահովելու: - Պետական մարմինները, որոնք ունեն շինության խնդիր, շատ են: Ամեն մեկը մի հանգամանքով է պայմանավորված: Ցավոք, այն բոլոր շենքերը, որոնք մենք պետք է առաջարկենք, գտնվում են անմխիթար վիճակում... Մենք, առհասարակ, ունենք քաղաքականություն՝ Երեւանի կենտրոնից պետական մարմինները ծայրամասեր տեղափոխելու եւ կենտրոնի թանկարժեք գույքն ավելի արդյունավետ օգտագործելու: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:01 - 24 փետրվարի, 2020