Այսօր Ազգային ժողովում արտահերթ նստաշրջան է մեկնարկել՝ կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում 23 հարց կա, այդ թվում՝ օրինագիծը, ըստ որի՝ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Կառավարությունը առաջարկել է որոշ հարցեր քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո` 24 ժամվա ընթացքում։
Նախագծերը հատուկ ընթացակարգով քննարկելու հիմնավորումները ներկայացնելիս Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց՝ ԱԺ հերթական նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերին, սակայն կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբեր ամսվա հերթական նիստերի մեկնարկը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, սակայն, կոչ արեց կառավարությունը հետագայում խուսափել նման պրակտիկայից․ «23 հարց ենք քննարկում, 15-ը՝ առաջինից երկրորդ ընթերցում մի օրում։ Ես գտնում եմ, որ այս պրակտիկան պետք է դադարեցվի, չի կարելի Ազգային ժողովը նման վիճակում դնել։ Ինչպես ենք 3 օրում 15 հարց քննարկելու, ուսումնասիրելու, առաջարկություններ ներկայացնելու»։
comment.count (0)