Տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն կվերապահվի ոչ սահմանված տեղերում և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաև կիրառել լրացուցիչ վարչական տույժ, որը կարտահայտվի առևտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով։ Գործադիրը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ և՛ Երևան համայնքը, և բազմաթիվ համայնքներ բախվում են այս խնդրին, որ փողոցային առևտուրը անընդհատ կա և ինչքան էլ տույժեր ենք կիրառում, վարչական ակտեր և այլն, խնդիրը չկարգավորված է մնում։
«Հիմա քաղաքապետարանի գործընկերներն են հիմնականում նախագծի վրա աշխատել և առաջարկում են, որ ոչ միայն նրանք կարողանանք վարչական տուգանք կիրառել, այլ նաև այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերենք, աշխատակիցները իրավունք ունենան դա առգրավել, որից հետո նաև իրավական գործընթաց սկսել, այդպիսով փորձել կանխել փողոցային առևտրի այն հատվածը, որը չի կարելի կամ տեղերը, որտեղ դրա համար նախատեսված չէ»,- ասաց Սանոսյանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ վերջին երկու տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ առկա գործիքակազմը բավարար չէ ոլորտը կանոնակարգելու համար․ «Մեր կողմից այդ միջոցատռումները իրականացվում է, բայց շատ դեպքերում այդ տուգանքները չեն կարողանում գանձել քաղաքացիներից, 90% դեպքերում իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում։
Այս խնդրի լուծումը տեսնում ենք, որ ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս կարողանանք բռնագրավել այն միջոցները, որ օգտագործում են, ծառայություններ են մատուցում կամ առևտուր են իրականացնում»։
Նշենք, որ նախագիծը պետք է քննարկվի և քվեարկության դրվի Ազգային ժողովում։
comment.count (0)