Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ․ Starmus փառատոնին ընդառաջ մեկնարկեց Ատղալուսանկարչության դպրոցը
20:53 - 31 օգոստոսի, 2022

Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ․ Starmus փառատոնին ընդառաջ մեկնարկեց Ատղալուսանկարչության դպրոցը

Այսօր Աղվերանում մեկնարկեցին Աստղալուսանկարչության դպրոցի աշխատանքները, որն անցկացվում է Starmus փառատոնի շրջանակում։

3 օր շարունակ դպրոցի մասնակիցները կլսեն համաշխարհային ճանաչում ունեցող աստղալուսանկարիչների դասախոսությունները, իսկ երեկոյան ժամերին գործնական պարապմունքների կմասնակցեն՝ լուսանկարելով հայկական բնաշխարհն ու աստղազարդ երկինքը։

Հայազգի լուսանկարիչ Օշին Զաքարյանը դպրոցի բանախոսներից մեկն է, նա մասնակիցներին ծանոթացնում է աստղալուսանկարչության հիմունքներին թվային հայելային ֆոտոխցիկի միջոցով։ Զաքարյանն ասում է, որ այս դասընթացի ժամանակ բացատրելու է, թե ինչպես աստղալուսանկարչության սիրահարները կարող են սկսել այս հետաքրքիր մասնագիտությամբ զբաղվել ու վստահեցնում՝ լուսանկարչական թանկարժեք ապարատներ ունենալը պարտադիր չէ, հատկապես Հայաստանի նման երկրում․ «Հայաստանը մաքուր երկինք ունի։ Երևանից մի փոքր հեռանալուց հետո կարող եք աստղերը շատ պարզ տեսնել, և այս հնարավորությունը շատ դրական է Հայաստանի լուսանկարիչների համար։ Ես Հայաստանում գիտեմ մի քանի լուսանկարիչների, որոնք շատ լավ են աշխատում։ Հայաստանում լուսանկարչության շատ լավ ասպարեզներ կան, պատմության տեսանկյունից»։


Հայազգի աստղալուսանկարիչ Օշին Զաքարյանը

Զաքարյանը միայն երկինքը չի նկարում․  երկնային տեսարանները նկարում է բնության, ճարտարապետության հետ միասին։ Նա արդեն 25 տարի է՝ զբաղվում է  աստղալուսանկարչությամբ։ Իր սիրելի մասնագիտությամբ սկսել է զբաղվել իր ծննդավայրում՝ Իրանում․ «Շատ վաղ հասակից սիրահարվեցի աստղագիտությանը և սկսեցի սովորել համաստեղությունների անունները, աստղերի անունները։ Իմ լուսանկարների մեջ կա ճարտարապետություն, լույս, շվաք, տարբեր գեղեցկությունները ես լուսանկարում եմ իմ տեսանկյունից»։

Նա ասում է, որ ի տարբերություն լուսանկարիչների, աստղալուսանկարիչները պետք է տիեզերքի մասին հիմնական գիտելիքներ ունենան։

Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Մայքլ Ի․ Բակիչն էլ «Ինչ է ուզում Astronomy ամսագիրը» թեմայով դասախոսությամբ էլ  հանդես եկավ՝ պատմելով, թե ինչ խնդիր է լուծում ամսագիրը և ինչ խնդիրների է անդրադառնում։  Բակիչը ամսագրում աշխատում է արդեն 20 տարի։ Նա պատմում է, որ ամսագրում կա գիտության բաժին, որտեղ ներկայացվում են աստղագիտության մասին ամենավերջին բացահայտումները, նաև աստղագիտության պատմությունը։ «Օրինակ, Հայաստանը լի է աստղագիտության պատմությամբ, Հայաստանը շատ գեղեցիկ է, ես սիրահարված եմ Հայաստանին։ Ամսագրի մյուս հատվածը նվիրված է սիրողական աստղագետներին և ոչ պրոֆեսիոնալներին մարդկանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե լուսանկարչական ինչ ապարատ կարող են գնել, ուր գնան, որպեսզի լավ լուսանկարներ ստանան և ինչպես լավ լուսանկարեն»։


Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Մայքլ Ի․ Բակիչը դասախոսության ընթացքում

Աստղալուսանկարչության այս դպրոցին մասնակցում են նաև տարբեր երկրներից Հայաստան եկած մարդիկ։ Արևիկ Հակոբյանն, օրինակ, Բելգիայից է եկել Հայաստան՝ հատուկ աստղագիտության այս դպրոցին մասնակցելու համար։  Նա մասնագիտությամբ ոսկերիչ է ու հետաքրքրված է աստղալուսանկարչությամբ։ Արևիկը հույս ունի, որ եռօրյա դասընթացի արդյունքում կկարողանա սեփական լուսանկարը ունենալ․   «Ես վաղուց հետաքրքրված եմ աստղագիտությամբ և որոշեցի, որ անպայման ներկա լինեմ այս դասընթացին ու ստացվեց այնպես, որ եկա Հայաստան»։

Դասընթացի մասնակիցներից մեկն էլ Մանվել Աբրահամյանն է։ Մանվելն ապագայում  ֆիզիկոս է դառնալու, աստղալուսանկարչության այս դպրոցն էլ առնչվում է նրա ապագա մասնագիտության հետ, ուստի որոշել է մասնակցել դպրոցին։ Նա ոգևորությամբ է սպասում առաջիկա դասընթացներին։


Աստղալուսանկարչության դպրոցի մասնակիցները


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել