Կանադայում զինված հարձակումներ գործած երկրորդ անձն է հայտնաբերվել
 |hetq.am|
13:17 - 08 սեպտեմբերի, 2022

Կանադայում զինված հարձակումներ գործած երկրորդ անձն է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am: Կանադայի ոստիկանությունը հայտնաբերել է Մայլզ Սանդերսոնին, որը եղբոր հետ կասկածվում էր մեկ օրվա մեջ 10 մարդու սպանության և ևս 18-ի վիրավորման մեջ։ BBC-ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանությունը հայտարարել է, որ նա մահացել է։

Ոստիկանությունը կանադական երեք նահանգներում 32-ամյա Սանդերսոնին որոնում էր երեք օր շարունակ և, վերջապես, հայտնաբերել է Սասկաչևան նահանգի Ռոսթերն քաղաքում։ Քաղաքի հարակից մայրուղու վրա ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան, որը նա գողացել էր։

Սանդերսոնին միանգամից մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության և սպանության փորձի հոդվածներով, սակայն ձերբակալությունից անմիջապես հետո ոստիկանությունն ազդարարել է նրա մահվան մասին։ 

Տեղական ոստիկանության պետի օգնական Ռոնդա Բլեքմորը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալությունից անմիջապես հետո Սանդերսոնի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ծագել, որից հետո նա ուղարկվել է Սասկաչևան նահանգի Սասկաթուն քաղաքի հիվանդանոց։ Այնտեղ էլ մահացել է։

Դրանից առաջ մամուլը, հղում անելով ոստիկանության իր աղբյուրներին, գրել էր, որ Սանդերսոնը մահացել է վնասվածքներից, որոնք ինքն իրեն հասցրել էր ձերբակալության ժամանակ։

Վիրավորներից 10-ը դեռևս հիվանդանոցում են, նրանցից 3-ը՝ ծայրահեղ վիճակում։ Թե որն է եղել եղբայրների հարձակման մոտիվը, ոստիկանությունը չի նշում։

Հիշեցնենք, որ կիրակի օրը 10 մարդ էր զոհվել և ևս 18-ը վիրավորվել Կանադայի Սասկաչևան նահանգում տեղի ունեցած զինված մի քանի հարձակումների հետևանքով, ինչը դարձել էր Կանադայի նորագույն պատմության բռնության ամենաարյունալի դեպքը։ Զոհերի մեծ մասը հնդկացիական Ջեյմս Սմիթ ռեզերվացիայի բնակիչ էր։ 

Նախօրեին կանադական ոստիկանությունը հայտարարել էր Մայլզ Սանդերսոնի եղբոր՝ 31-ամյա Դեմիեն Սանդերսոնի մարմնի հայտնաբերման մասին։ Ոստիկանապետի օգնական Ռոնդա Բլեքմորը հայտարարել էր, որ Դեմիենի մարմինը հայտնաբերվել է նույն ռեզերվացիայի տարածքում, բաց երկնքի տակ, տներից մեկի մոտ գտնվող խիտ խոտածածկ հատվածում, որտեղ ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել։ Նրա խոսքով՝ Դեմիենի մարմնի վրա վնասվածքի հետքեր են եղել։

Ոստիկանությունը հիմա պարզում է, թե արդյոք Դեմիենը կապ է ունեցել սպանությունների հետ, և արդյոք եղբայրը չի սպանել նրան։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել