Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:
«Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էականորեն մեծացել է: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր»:
Ըստ Թունյանի՝ այսօր կա մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են․ «Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։
comment.count (0)