Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, Վահան Շիրխանյանն ազատվեց պատժից. «Նորքի զինված խմբի» գործով վճիռ
 |factor.am|
15:03 - 10 հոկտեմբերի, 2022

Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման, Վահան Շիրխանյանն ազատվեց պատժից. «Նորքի զինված խմբի» գործով վճիռ |factor.am|

factor.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խումբ» անունը ստացած քրեական գործով դատավճիռը։

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով՝ պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Շիրխանյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար, և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, պատժում հաշվակցելով քննության փուլում կալանքի տակ գտնվելու 2 տարի 6 ամիս 6 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 3 տարի 5 ամիս 24 օր ժամկետով։

Դատավճռով Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։

Այս գործով անցնում էր ևս 18 անձ։ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վահագն Սալնազարյանը դատապարտվեցին 9-ը, Արման Հայրապետյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը ՝ 8, Տիգրան Բոյաջյանը՝ 6 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Շարունակությունը՝ factor.am-ում

Լուսանկարում՝ Արթուր Վարդանյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել