Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար

 |armenpress.am|
17:43 - 18 հոկտեմբերի, 2022

Բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից տեսնում ենք ոչ կառուցողական ու առավելապաշտական պահվածք. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը, տարբեր ֆորմատներով ակտիվ դիվանագիտական շփումներին զուգահեռ, Ադրբեջանի կողմից շարունակաբար տեսնում է ոչ կառուցողական, առավելապաշտական պահվածք, ուժի գործադրման սպառնալիքով բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում անդրադառնալով լրագրողի հարցին:

«Վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում: Մենք պատրաստ ենք և ամեն ջանք գործադրելու ենք, որ նույն ինտենսիվությամբ ակտիվ աշխատանքներ շարունակվեն՝ տարածաշրջանում ի վերջո կայուն, երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու համար: Այս առումով մեր ակնկալիքները և մեր տրամադրվածությունը չեն փոխվել: Ուրիշ բան, որ մենք զուգահեռ այս բանակցությունների, շարունակաբար տեսնում ենք Ադրբեջանի կողմից ոչ կառուցողական, ես կասեի՝ առավելապաշտական պահվածք, նաև տեսնում ենք ուժի գործադրման սպառնալիքով այդ բանակցությունների վրա ազդելու  ցանկություն և փորձ: Միայն այսպես և այդ համատեքստում, այս մեկնաբանությամբ եմ ես տեսնում Ադրբեջանի վերջին ագրեսիան: Դրանից առաջ եղել է ևս մեկ ագրեսիա, դրանից առաջ ևս մեկ սադրիչ գործողություն, նաև Ադրբեջանի հռետորաբանությունը»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ակնհայտորեն այդպիսի գործողությունները չեն նպաստում կառուցողական մթնոլորտին և կառուցողական բանակցություններին: Այնուամենայնիվ, հայկական կողմը, չնայած սրան, շարունակելով իր նախկին գործելաոճը, կարծում է, որ վերջնական լուծումների պետք է հանգել բանակցությունների սեղանի շուրջ: Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել այդ ջանքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել