Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|
15:06 - 20 հոկտեմբերի, 2022

Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի հանձնառությունը՝ խաղաղություն հաստատելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։

«Այդ խոսքերը ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Ֆրանսիայի նախագահի հանձնառության շնորհիվ էր, որ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում հաջողվեց անցկացնել Շառլ Միշելի, վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը: Այս հանդիպումը թույլ տվեց առաջընթաց գրանցել այդ նպատակին հասնելու ուղղությամբ,  ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում: Ֆրանսիան նաեւ լիովին աջակցում է ԵՄ-ի հետ համատեղ մեկնարկած գործընթացին, որպեսզի թույլ տա բանակցություններ վարել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ»,- նշում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։ 

Իլհամ Ալիևը, անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը, նշել էր․ «Թեև Ֆրանսիայի նախագահը մասնակցել է դրան, սակայն Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների հետ։ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, այո, միջնորդական առաքելության մանդատ ուներ, բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և Մինսկի խմբի ծառայությունների կարիքը չկա, հատկապես որ այդ ծառայությունները, այսպես ասած, «արջի ծառայություն էր»,  ինչպես արդեն ասացի, Մինսկի խումբը ոչինչ չի արել, մեր տարածքից ոչ մի սանտիմետր չազատագրվեց»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նույնպես տարածել էր հաղորդագրություն, նշելով․ «տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել