Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար
 |1lurer.am|
14:30 - 14 հոկտեմբերի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահին մեղադրել է կողմնակալության և Հայաստանին անկեղծ աջակցության համար |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները՝ Հարավային Կովկասում գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

Հոկտեմբերի 12-ի հարցազրույցում Մակրոնն անկեղծ աջակցություն է հայտնել Հայաստանին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրականապես մերժում է նաև Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները Ադրբեջանի վերաբերյալ՝ դրանք համարելով անհիմն։

«Ցավոք սրտի, Ֆրանսիայի նախագահը դեռ լռում է այն մասին, որ Հայաստանը չի կատարել եռակողմ հայտարարության կետերը, ականային վտանգ ստեղծելով տարածաշրջանում»,-նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այս պահին Մինսկի խմբի գործունեության անհնարինությունը, չի հրաժարվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդությունից, Մակրոնի նախաձեռնությամբ այդ ուղղությամբ հանդիպումներ են տեղի ունեցել 2022 թվականի փետրվարի 4-ին և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։ «Սակայն Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները լուրջ կասկածի տակ են դնում նրա՝ որպես միջնորդի չեզոքությունն ու անաչառությունը»,- ընդգծել է գործակալությունը։

ԱԳՆ-ն նշել է. «Տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և զարգացում ապահովելու, Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորելու Ադրբեջանի փորձերի ֆոնին, Ֆրանսիայի միակողմանի դիրքորոշումը և Բաքվի հասցեին անհիմն մեղադրանքները ստիպում են Ադրբեջանին ևս մեկ անգամ վերանայել Ֆրանսիայի միջնորդական ջանքերը»:

Հիշեցնենք, որ  Մակրոնը հայտարարել է, որ «ՌԴ-ն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ բոլորիս ապակայունացնելու համար»։ «Ի՞նչ է կատարվել [հայ-ադրբեջանական] սահմանին վերջին երկու տարիներին։ Իբր 5 000 ռուս զինվոր է հսկում սահմանը, [բայց] ռուսներն օգտվեցին մի քանի դար տևած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը Թուրքիայի հանցակցությամբ և վերադարձան՝ թուլացնելու Հայաստանը, որի հետ ժամանակին մտերիմ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։ 

Մակրոնի հայտարարությանը արձագանքել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարաովան ու նշել․ «Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Մակրոնի հայտարարությունները, թե ՌԴ-ն օգտագործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Կովկասն ապակայունացնելու համար: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու Երևանի և Բաքվի հետ Մոսկվայի հարաբերություններում, դատապարտված են փախողման և կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության արժեզրկմանը»,- նշել է Զախարովան։ 

Մակրոնի հայտարարությանը անդրադարձել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ու նշել, թե   զարմացել է՝ կարդալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության դերի մասին։ Պուտինը դրանք անվանել է ոչ կոռեկտ ու անընդունելի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել