Հակոբ Արշակյանն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ
07:55 - 23 ապրիլի, 2019

Հակոբ Արշակյանն այցելել է «Վինեթի» ընկերության հայաստանյան մասնաճյուղ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 22-ին այցելել է «Վինեթի» (Vineti) ընկերության հայաստանյան մասնաճյուղ։ 

Հանդիպմանը մասնակցել են մասնաճյուղի ղեկավար Քրիստոֆ Սուշեն, գլխավոր մենեջեր Տիգրան Աստվածատրյանը, արտադրանքի գծով փոխնախագահ Ներսես Օհանյանը, Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Քեթ Նորենը և ինժեներական բաժնի ղեկավար Անանդ Քոթարին:

Նախարարը նախ շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացավ ընկերության գործունեության ընդհանուր ուղղություններին ու մատուցվող ծառայություններին, զրուցել աշխատակիցների հետ: 

2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված ընկերությունն արդեն երկու տարի է՝ ունի իր հայաստանյան մասնաճյուղը, որի 35-ից ավելի աշխատակիցները ոչ միայն տեղացիներ են, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից և այլ երկրներից: 

Հանդիպմանը քննարկված կարևոր թեմաներից մեկը Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների և բուհական համակարգի միջև համագործակցությունն էր: «Վինեթի» ընկերությունը տեղի բուհերի ուսանողների համար պարբերաբար կազմակերպում է ինտերնշիփեր, ինչի արդյունքում առավել լավ արդյունքներ ցուցաբերողները դառնում են ընկերության աշխատակիցներ: 

Նախարար Հակոբ Արշակյանն առաջարկել է ընդլայնել գործունեությունը, գնալ տեխնոլոգիական կրթություն առաջարկող համալսարաններ և ուսուցողական ծրագրերն իրականացնել տեղում՝ ընդգրկելով առավել մեծ թվով ուսանողների, դասախոսների և գիտնականների՝ այդպիսով բարձրացնելով աշխատաշուկա-բուհ համագործակցության արդյունավետությունը: Բուհական համակարգում տեխնոլոգիական ընկերությունների գործընկերները կարող են դառնալ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Երևանի պետական, Հայաստանում ամերիկյան, Ռուս-հայկական (Սլավոնական) և այլ համալսարաններ:

Ընկերության ղեկավար անձնակազմի հետ զրույցում նախարարը առանձին անդրադարձ է  կատարել նաև հայաստանյան ընդհանուր տեխնոլոգիական էկոհամակարգին, թվային օրակարգին, նորաստեղծ ընկերություններին և ստարտափերին ցուցաբերվող աջակցությանը: Նշվեց, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչների ճանաչողական այցեր կազմակերպելու դեպի Սիլիկոնյան հովիտ: 

Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել «Վինեթիի» նման ընկերություններին՝ մշակելու մեխանիզմներ, որոնց օգնությամբ աշխարհին կներկայացվի հայաստանյան տեխնոլոգիական ներուժը, ինչպես նաև տեղական ընկերությունների մշակած պրոդուկտը կներկայացվի արտասահմանյան երկրներում և կարտահանվի:

Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են նաև այն խնդիրները, որոնց հանդիպում են աշխատելու կամ ներդրումներ անելու նպատակով  Հայաստան եկող արտասահմանցի մասնագետները: Դրանք հիմնականում կապված են ինչպես աշխատանքային թույլտվությունների, այնպես էլ քաղաքացիություն ստանալու կարգի, հարկային դաշտի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ այժմ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նշված բոլոր ընթացակարգերը պարզեցնելու և առավել դյուրին դարձնելու ուղղությամբ, որպեսզի արտասահմանյան գործարարների, ներդրողների կամ անհատ մասնագետների համար Հայաստանում գործունեություն ծավալելու խոչընդոտներ չլինեն: 

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ թեև նախարարությունն այժմ վերակազմավորման գործընթացում է, սակայն պատրաստակամ է աջակցել համագործակցության, նոր ծրագրերի ու գաղափարների իրագործմանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել