«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարվում է մեկնաբանել Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ պատճառաբանելով, թե ընթանում է նախաքննություն և ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել միջամտություն քրեական գործին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիսներ չեն լինելու՝ անկախ անձի ով լինելուց։ Այսինքն՝ մեզ համար յուրայիններ և ոչ յուրայիններ չկան։ Եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք առաջ, ապա նախկիններից ոչնչով չենք տարբերվի», - այսօր խորհրդարանում ասաց Մկրտչյանը։
«Ես ինքս կառավարությունում աշխատելու ժամանակահատվածում տեսել եմ, թե ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում իրավապահ կառույցները, քննչական բլոկները, օրինակ՝ կառույցներից մեկում գործերից մեկով միայն 4 քննիչ պետք է հարցաքններ 850 անձի։ Այդ 4 քննիչից յուրաքանչյուրի վարույթում կար 12 քրեական գործ զուգահեռաբար։ Ծանրաբեռնվածության խնդիր կա։ Ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը զգալի կթեթևացնի այս ոլորտում աշխատանքը», - ասաց Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմնի ձևավորմանը, որը պետք է ստեղծվեր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա, Մկրտչյանն ասաց, որ դրա ձևի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։
«Կառուցվածքը հասկանալուց հետո նոր ձևավորման մասին կարելի է խոսել», - հավելեց իշխանական խմբակցության պատգամավորը։
comment.count (0)