Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Թավշյա հեղափոխության օրերին իր քայլերի ու մտածմունքների մասին։
- Մենք այժմ մոտենում ենք անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխության միամյակին։
Դուք առանցքային դեր ունեցաք այդ փոթորկոտ իրավիճակում, նպաստելով, որ երկիրը նախորդ վարչակարգից ներկայիս վարչակարգին անցումը կատարի սահուն։ Ի՞նչ էիք զգում ու մտածում այդ ժամանակ։ Ենթադրում եմ՝ անհանգստացած էիք, հույսով լի։ Ո՞րն էր Ձեր ունեցած դերը այդ անցման մեջ, որ հետհայաց կարող ենք ասել՝ սահուն էր։
- Կփորձեմ։ Վստահ եմ՝ գիտեք, որ ապրիլի 9-ին, երբ ստանձնեցի Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնը, նաև նոր դարաշրջան սկսվեց, որովհետև Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։
Խորհրդարանական հանրապետության նախագահը օժտված չէ գործադիր իշխանությամբ։ Նա պետության գլուխն է, Սահմանադրության պահապանը, սակայն գործադիր իշխանություն չունի։ Սա նշանակում է՝ նախագահը չի կարող հրաման արձակել, օրինակ՝ ոստիկանությանը, անվտանգության ուժերին կամ զինվորականներին, անել կամ չանել այս կամ այն գործողությունը։
Այդ տեսանկյունից, երբ ես ստանձնեցի նախագահությունը, գործընթացը, որը սկսվել էր որպես ընդդիմության շարժում, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում արագորեն վերաճեց հեղափոխության՝ հայտնի Թավշյա հեղափոխություն անվամբ, որը ես կցանկանայի վերանվանել «Հեղափոխություն հայկական ոճով», քանի որ դա պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենասահուն հեղափոխություններից մեկն է։ Հեղափոխություն, որը չբերեց մարդկային զոհերի կամ վիրավորների, և մենք բոլորս կարող ենք հպարտանալ դրանով։
Ինչ վերաբերում է զգացմունքներին, այդ օրերին ես փորձում էի զգացմունքներ չունենալ, քանի որ ի վերջո մեկը պետք է շատ սթափ լիներ, ինչ-որ մեկը, որ… Հատկապես նախագահը, պետք է շատ սթափ ու սառը դատեր, փորձեր ամեն ինչ հնարավոր դարձնել, եթե անցում կա, ապահովել, որ այդ անցումը սահուն ու առանց դրամայի լինի և առանց կյանքերի կորստի, ինչը շատ ցավալի կլիներ։
Պետք էր նաև այնպես անել, որ երկու կողմերում գտնող մարդիկ երկխոսեն։ Դա էր պատճառներից մեկը, միջոցներից մեկը, որ ես գնացի Հանրապետության հրապարակ և հանդիպեցի այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը շատ հետաքրքիր էր։ Այն վայրկյանին, երբ որոշեցի գնալ, երբ սկսեցի քայլել նախագահական նստավայրից, քսան-երեսուն զանգ ստացա, որ ինձ ասում էին չանել նման բան։ Բայց ես համոզված էի, որ դա է ճիշտը։ Եվ իսկապես պատիվ էր, երբ քայլում էի դեպի հրապարակ, և մարդիկ աջակցում էին ինձ։
Իհարկե, ապագա վարչապետի կամ այն ժամանակ ընդդիմության առաջնորդի հետ այդ քննարկումները անցան հազարավոր մարդկանցով շրջապատված, և մենք ստիպված էինք գոռալ իրար ականջի, այդքան բարձր էր աղմուկը։ Բայց դա կարծես սկիզբն էր երկխոսության գործընթացի փորձի։ Ցավոք, հաջորդ օրը այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսությունը բոլորովին չստացվեց։ Մենք գիտենք այդ պատմությունը, չեմ պատմի այն ևս մեկ անգամ։
comment.count (0)