Հ2-ը Երևանում չի հեռարձակվի
 |hetq.am|
18:07 - 28 հոկտեմբերի, 2022

Հ2-ը Երևանում չի հեռարձակվի |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Օրակարգում եղել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության հարցը։

Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 55 և 78 միավոր:

Հ2-ը 2021-ի հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին:

Հ2-ը դիմել էր դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։

Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ էր հայտարարել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել