Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ՀՀ-ին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. Զարեհ Սինանյան |armenpress.am|
18:39 - 29 հոկտեմբերի, 2022

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը ՀՀ-ին և սփյուռքին հնարավորություն կտա բացահայտել առաջնահերթությունները. Զարեհ Սինանյան |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում չեն բացառվում նոր համագործակցությունների և հուշագրերի ստորագրումը։ Գագաթնաժողովին այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ 

«Մենք պատրաստ ենք ցանկացած արդյունավետ ձևաչափի։ Եթե կան առաջարկներ, դրանք կքննարկվեն, կմշակվեն և կյանքի կկոչվեն։ Գագաթնաժողովը նոր քննարկումների ու գործակցություններ ձեռք բերելու հարթակ կարող է լինել»,- նշեց Սինանյանը։ 

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի գլխավոր նպատակն է հզորացնել ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ սփյուռքը՝ սահմանելով և ինստիտուցիոնալացնելով փոխշահավետ քաղաքականություն և ծրագրեր, ինչպես նաև՝ ստեղծելով նորարար և արդյունավետ ինստիտուցիոնալ շրջանակներ, որոնց միջոցով կամրապնդվեն և կընդլայնվեն Հայաստանի և սփյուռքի միջև փոխհարաբերությունները: Նրա խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանին և սփյուռքին հնարավորություն կտա ընդհանուր համահայկական օրակարգի շրջանակներում բացահայտել առաջնահերթությունները, մշակել ռազմավարական ճանապարհային քարտեզ ապագա համագործակցության համար: 

«Գագաթնաժողովը կարևորվում է նաև այս հավաքով։ Միասին կարող ենք բարձրաձայնել խնդիրներ, առաջարկել դրանց լուծումները։ Քննարկումները կստիպեն հասկանալ, թե ով ինչ դեր ունի խնդիրների լուծման հարցում։ Մեր նպատակներից է վեր հանել այն բոլոր հարցերը, որոնք բոլորիս են հուզում»,- նշեց Սինանյանը։ 

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների առջև դրված խնդիրներից են սահմանել առաջնահերթ ոլորտները, որոնք վերաբերում են Հայաստան-սփյուռք հարաբերություններին, սահմանել հայկական պետության դերն ու պարտականությունները՝ սփյուռքի  նկատմամբ և հակառակը: Գագաթնաժողովի խնդիրներից է նաև ստեղծել և ինստիտուցիոնալացնել գործընթացներ և ծրագրեր, որոնց միջոցով պետությունը կարող է համագործակցել համաշխարհային հայկական սփյուռքի հետ, իսկ սփյուռքը կարող է համագործակցել պետության հետ: Կառավարության կողմից ընդունվելիք Հայաստան-սփյուռք ռազմավարության փաստաթղթում ընդգրկվելու են գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, լուծումները և արդյունքները: 

Սինանայնն անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստան ներհոսքին։  

«Նկատում ենք նաև հայերի ներհոսք։ Պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր նրանց պահել Հայաստանում։ Երևույթը համընկնում է մեր շահերին։ Մենք դեմոգրաֆական խնդիր ենք լուծում։ Դեռ նորից մեծ ներհոսք եմ ակնկալում։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ ծրագրեր կարող ենք ներկայացնել Հայաստան ժամանածների համար։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը օգնում է Հայաստան եկածներին տան, համալսարանի և նման այլ խնդիրների լուծման հարցում։ Նաև հայերենի դասեր ենք առաջարկում։ Մենք, մեր սահմանափակ ռեսուրսներով, ամեն ինչ փորձում ենք անել սփյուռքի մեր հայրենակիցների, նաև՝ օտար երկրներից ժամանած քաղաքացիների համար»,- եզրափակեց Սինանյանը։ 

Գագաթնաժողովի ռազմավարական ուղղություններն են՝ սփյուռքում ինքնության պահպանման խթանում՝ ինքնության պետականակենտրոն ձևավորման միջոցով, աջակցում սփյուռքում ինքնության պահպանման ջանքերին՝ ինքնակազմակերպման/համայնքային  կազմակերպման նախաձեռնությունների միջոցով, Հայաստանի զարգացման գործում համահայկական կազմակերպությունների համախմբում և ներգրավում, սփյուռքի ամուր կապերի ձևավորում հայրենիքի հետ՝ ոլորտին առնչվող համագործակցությունների, ծրագրերի և միջոցառումների միջոցով  

Գագաթնաժողովի շրջանակներում երեք օրվա ընթացքում կանցկացվի 10 պանելային քննարկում, 15 սեկցիոն նիստ, 2 հանդիպում՝ ազատ ձևաչափով:  

Հարթակների թեմաները նվիրված են համահայկական արդի թեմաներին` ազգային անվտանգություն, շահերի պաշտպանություն, փափուկ ուժ և համաշխարհային բրենդ, Հայաստան-սփյուռք տնտեսական համագործակցություն, հայրենադարձություն և ժողովրդագրություն, կրթություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, զբոսաշրջություն, էներգետիկա, շրջակա միջավայր և կլիմա, գյուղատնտեսություն, սփյուռքի երիտասարդական կազմակերպություններ, սփյուռքի դպրոցներ և հայոց լեզվի և մշակույթի ուսուցում, հայագիտություն, բարձրագույն կրթություն, ինչպես նաև՝ ռեսուրսների մոբիլիզացիա, սփյուռքի ներկայացվածություն Հայաստանի Հանրապետության կառավարման կառույցներում և այլն:  

Գագաթնաժողովում ձեռք բերված առաջարկները, որոշումներն ու արդյունքները հիմք կհանդիսանան համահայկական օրակարգում նոր մոտեցումներ մշակելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել