ԿԲ-ն 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%
16:54 - 01 նոյեմբերի, 2022

ԿԲ-ն 0,5%-ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%

2022թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ սահմանելով 10.5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։
 
2022թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5%:
 
«Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները: Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր: Չնայած առաջարկի արժեշղթաների որոշակի վերականգնմանը, առանձին շուկաներում դրանց խաթարումների հետ կապված ռիսկերը պահպանվում են: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
 
2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը: Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության իրականացումը: 
 
Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը:Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:​
ԿԲ Խորհուրդը գնահատում էոր նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը», - ասված է ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել