ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման հարցը։
ԿԲ-ն նշել է, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով իրենց ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների հետ կապված ռիսկերը):
«Դրա հետ մեկտեղ սպասարկման պայմաններում փոփոխությունների դեպքում բանկերը պարտավոր են պատշաճ տեղեկացնել իրենց հաճախորդներին»,- հիշեցրել է ՀՀ կենտրոնական բանկը։
Նշենք, որ Հայաստանում «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին հաղորդագրություններ են տարածել ռուսական ԶԼՄ-ները` հղում անելով անանուն աղբյուրների։
Հիշեցնենք` փետրվարին ընդունված ամերիկյան պատժամիջոցների հերթական փաթեթով թիրախավորվել է նաև «Միր» համակարգի կազմակերպիչ ընկերությունը («Վճարային քարտերի ազգային համակարգ», որը պատկանում է ՌԴ կենտրոնական բանկին)։
comment.count (0)