«Ամերիաբանկը» վաճառվեց․ ինչու էր շտապում ԿԲ-ն, և ինչպես էր փոքր բաժնետերը ջանում կասեցնել «Ամերիաբանկի» վաճառքի գործարքը
 |hetq.am|
17:00 - 08 ապրիլի, 2024

«Ամերիաբանկը» վաճառվեց․ ինչու էր շտապում ԿԲ-ն, և ինչպես էր փոքր բաժնետերը ջանում կասեցնել «Ամերիաբանկի» վաճառքի գործարքը |hetq.am|

hetq.am: «Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։ Այդպիսով, ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են՝

1․ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %,

2․Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,

3․Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:

Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ը։

Փոքր բաժնետիրոջ և«Ամերիաբանկ»-ի վեճը ՄԻԵԴ-ում է

«Ամերիաբանկ»-ի նախկին փոքր բաժնետեր Արտաշես Հովհաննիսյանն այդ լուրը լսելուց հետո՝ մարտի 20-ին, դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Նա պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի «Ամերիաբանկ»-ին՝ ի դեմս իր ընդհանուր ժողովի, Bank of Georgia PLC-ի կողմից «Ամերիաբանկ»-ի 90 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկությանը համաձայնություն տալուն կամ չտալուն ուղղված օրակարգային հարցով արտահերթ ընդհանուր ժողով չիրականացնել կամ ձեռնպահ մնալ դրա իրականացումից։

Միաժամանակ, մարտի 20-ին դիմել է Կենտրոնական բանկին և պահանջել, որ ԿԲ խորհուրդը «Ամերիաբանկ»-ի ձեռքբերմանը նախնական համաձայնություն չտրամադրի։  

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 2012թ. որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել էին (համախմբվել), որի արդյունքում փոքր բաժնետերերից մեկի՝ Արտաշես Հովհաննիսյանի հինգ բաժնետոմսերը փոխարկվել են 0,625 հատ կոտորակային բաժնետոմսի, ապա հետ գնվել բանկի կողմից՝ առանց նրա իմացության: Այդպիսով, Արտաշես Հովհաննիսյանը զրկվել էր բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքից։

Դատական երկու տարբեր գործերով՝ քաղաքացիական և վարչական դատարաններում վերջնական դատական ակտերը հօգուտ «Ամերիաբանկ»-ի էին կայացվել։ Փոքր բաժնեմասի սեփականատերը դեռևս 2016-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բաժնետիրոջ և Կենտրոնական բանկի միջև վարչական գործով զարգացումները ևս ներկայացվել են ՄԻԵԴ։

2021թ․ մայիսի 28-ին ՄԻԵԴ-ի կողմից Հովհաննիսյանի դիմումով գործը կոմունիկացվել է ՀՀ կառավարությանը։ 2022թ․ ապրիլի 27-ին Կառավարության կողմից դիմումատուի պատասխանի և պահանջի դեմ ներկայացված առարկությամբ դիմումի քննությունն ավարտվել է, և գործը մտել է վճռի կայացման փուլ։ ՄԻԵԴ-ի՝ հաշտության կոչին ՀՀ կառավարությունը չի համաձայնել, և լայնածավալ առարկություն է ուղարկել՝ ընդդեմ գանգատի։

ՀՀ կառավարությանը կոմունիկացրած փաստաթղթերում ՄԻԵԴ-ը հղումներ է կատարել մի շարք գործերի, որոնցով նա փոքր բաժնետերերի սեփականության և արդար դատաքննության իրավունքների խախտումներ է արձանագրել:

Արտաշես Հովհաննիսյանի որդին՝ Հայկ Հովհաննիսյանը, որը նաև հոր փաստաբանն է եղել հայաստանյան դատական գործերում, ասում է, որ ՄԻԵԴ-ի կողմից Հովհաննիսյանի գանգատի բավարարման հավանականությունը 90%-ից ավելի է գնահատվում:

Հայկ Հովհաննիսյանի դիտարկմամբ, ՄԻԵԴ-ի կողմից Հովհաննիսյանի դիմումը բավարարվելու դեպքում, հայաստանյան դատական գործերը վերաբացվելու են, որոնց շրջանակներում Արտաշես Հովհաննիսյանն իրականացնելու է բանկում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պաշտպանության և այն վերականգնելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունը, որը բանկի արտահերթ ընդհանուր ժողովի կողմից առաջարկության վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում գործնականում կամ փաստացի կբացառվի։

«ՄԻԵԴ-ը հեռացել է վճռահատության 2021թ․-ի ապրիլից: Այսինքն՝ կա՛մ այս, կա՛մ 2025թ. արդեն սպասվում է ՄԻԵԴ-ի ըստ էության որոշումը: Այս պարագայում վաճառել «Ամերիաբանկ»-ի բաժնետոմսերը, նշանակում է փոքր բաժնետիրոջ սեփականության իրավունքն անտեսել, քանզի նոր բաժնետերը կարող էր բարեխիղճ գնորդի ռեժիմով պաշտպանվել, իսկ «Իմաստ Գրուպը», ADB-ն և EBRD-ն արդեն վաճառած կլինեն իրենց բաժնետոմսերը: ՄԻԵԴ որոշումը կհամարվի նոր հանգամանք ՀՀ-ում գործերի վերաբացման համար, սակայն ստացվում է մի վիճակ, որ ՄԻԵԴ որոշումը՝ սեփականության խախտված իրավունքի մասով դառնում է անիրացվելի, իսկ արդար դատաքննության իրավունքի խախտման վերականգնումը՝ իմաստազուրկ»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:

Արտաշես Հովհաննիսյանի պաշտպան Գագիկ Գրիգորյանը վստահ է, որ հայաստանյան գործերի վերաբացման պայմաններում բաժնետոմսերի նկատմամբ Հովհաննիսյանի ունեցած սեփականության իրավունքի պաշտպանությունը և դրա վերականգնումը գործնականում անհնարին է դառնում, քանի որ փաստացի հնարավոր չի լինի բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի բաշխվածությունը վերադարձնել մինչև նշված գործերով վիճարկվող կոնսոլիդացիայի իրականացումը եղած վիճակին, մինչդեռ նշված գործերով Արտաշես Հովհաննիսյանի օրինական ակնկալիքը հենց այդ վիճակի վերականգնումն էր, որի պայմաններում բաժնետերը կվերականգներ բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը։

Հայցադիմումին կից Արտաշես Հովհաննիսյանի պաշտպանը նաև միջնորդություն էր ներկայացրել՝ կիրառելու հայցի ապահովման միջոց։ Խնդրել էր արգելել պատասխանողին՝ ի դեմս վերջինիս Խորհրդի, կատարել Bank of Georgia PLC-ի կողմից բանկի 90 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկությանը համաձայնություն տալու կամ չտալու օրակարգային հարցով ընդհանուր ժողով գումարելուն և կազմակերպելուն ուղղված գործողություններ, մինչև այս գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Մյուս կողմից, Հովհաննիսյանները հավանական են համարում, որ ՄԻԵԴ-ը կարող է որոշակի արդար փոխհատուցում սահմանել փոքր բաժնետիրոջ սեփականության խախտված իրավունքների դիմաց։ Այս պարագայում այդ բեռը մնալու է ՀՀ քաղաքացիների ուսերին, և հերթական շառաչուն ապտակն է լինելու թե՛ հարկատուների, թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի վրա։ Մինչդեռ  այդ ամենի «մեղավորը» «Ամերիաբանկ»-ի ղեկավարներն ու կարգավորող համարվող Կենտրոնական բանկն է։

ԿԲ նոր խորհուրդն անտեսում է ՄԻԵԴ կոմունիկացիան և վտանգում ՀՀ բյուջեն

Այսպիսով, Արտաշես Հովհաննիսյանի հայցադիմումից և ԿԲ դիմումից հետո, Կենտրոնական բանկի խորհուրդը իր մարտի 29-ի նիստում որոշում կայացրեց նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ»-ի կանոնադրական հիմնադրամում Bank of Georgia Group PLC-ի («BOGG») և Bank of Georgia JSC –ի կողմից նշանակալի մասնակցության ձեռքբերմանը:

Ապրիլի 1-ին Արտաշես Հովհաննիսյանը Վարչական դատարան նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կենտրոնական բանկի։ Վերջինս պահանջել է անվավեր ճանաչել մարտի 29-ի Կենտրոնական բանկի խորհրդի՝ «Ամերիաբանկ»-ի կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷՍի Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը նախնական համաձայնություն տալու մասին որոշումը։

Հայկ Հովհաննիսյանն ասում է՝ ԿԲ վարքագիծը վկայում է, որ նոր իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախկիններից և հաստատում է նախկին իշխանությունների գործելակերպը, երբ ուժեղ և հարուստ բաժնետերերը կլանել են փոքրերին՝ ԿԲ թողտվությամբ կամ հովանավորությամբ։ Մինչդեռ, ԿԲ-ի ուղիղ պարտականությունն է ապահովել բանկերի փոքր և մեծ բաժնետերերի շահերի հավասարակշռումը:

Հովհաննիսյանները վստահ են, որ մինչև «Ամերիաբանկ»-ի գործարքին հավանություն տալը, ԿԲ-ն ուներ աջակցելու ողջ գործիքակազմը, որ «Ամերիաբանկի» խոշոր բաժնետերերը և նախկին փոքր բաժնետերը բանակցեին` հաշտության հասնելու համար: Դրանով իսկ ԿԲ-ն կչեզոքացներ ՀՀ բյուջեից ՄԻԵԴ վճռի արդյունքում հնարավոր հասցվելիք վնասը, քանզի վեճը կհամարվեր սպառված:

«Մեր 12 տարվա պայքարը ուղղված է պատասխանելու մի հարցի. արդյո՞ք Հայաստանում ուժեղը, հարուստը և խոշորը կարող են ունեզրկել փոքրին ու թույլին և մնալ անպատիժ: Այս պահի դրությամբ, մեր փորձը ցույց է տալիս, որ թե՛ մինչև 2018թ., թե՛ այսօր՝ դա է իրականությունը»,- նշում է Հ․ Հովհաննիսյանը:

Ապրիլի 2-ին Քաղաքացիական դատարանը վերադարձրել է Արտաշես Հովհաննիսյանի հայցը՝ «ներկայացված պահանջը բավարար չափով հստակ ձևւակերպված և որոշակի չլինելու» հիմքով։  Իսկ արդեն ապրիլի 4-ին գրանցվել է «Ամերիաբանկ»-ի վաճառքի գործարքը։

Այս իրավիճակը Հայկ Հովհաննիսյանը բնութագրում է որպես արդարադատության մերժում․ «Հետաձգված արդարադատությունը հավասար է արդարադատության մերժման։ Մենք մարտի 20-ին դիմել ենք քաղաքացիական դատարան, եթե իրենք 10 օր անց չվերադարձնեին մեր հայցը, որ այսպես ասած «թերությունները» շտկեինք ու կրկին հայցը ներկայացնեինք, և իրենք մեր հայցի ապահովումը կիրառեին, ամեն ինչ նորմալ կընթանար։ Վարչական դատարան էլ մենք ապրիլի 1-ին դիմել ենք, իրենք 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է որոշում կայացնեին, բայց սա այն դեպքն էր, երբ 7-րդ աշխատանքային օրը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հետևանք ունեցավ, այսինքն՝ «Justice delayed is justice denied»: Հետևաբար, ակնհայտ է ԿԲ հապճեպությունը՝ հենց մեր դիմումը ստացավ, գործընթացն արագացրեց, համաձայնություն տվեց և գրանցեց նոր բաժնետերերին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել