ՔԿ-ն պարզաբանել է՝ ինչու է Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել ծանր հանցագործությունների քննության բաժին
16:13 - 03 նոյեմբերի, 2022

ՔԿ-ն պարզաբանել է՝ ինչու է Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել ծանր հանցագործությունների քննության բաժին

Երկու շաբաթ առաջ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայնել էր, որ իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել են իր վրա, հայհոյել ու հարվածել։

Ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ  Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով:

Հոկտեմբերի 23-ին՝ 24TV-ին տված հարցազրույցում, Էդգար Ղազարյանը նշել է, որ համաձայն չէ կատարվածը առողջությանը թեթև վնաս պատճառել որակելու հետ։

«Որ հանցագործությունը ծանր է, բայց նրա նկատմամբ նախնական վերաբերմունքը իշխանությունների այլ է, դա էլ է ապացուցվում։ Տեսեք, մինչ այժմ Քննչական կոմիտեն դա որակում է որպես թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն, բայց հենց երկրորդ օրը գործի քննությունը Շենգավիթի Քննչական կոմիտեից տեղափոխվել է Երևանի քաղաքային քննչական վարչության Ծանր հանցագործությունների բաժին։ Իրենք էլ են հասկացել, որոշակի քննչական գործողություններ կատարելով, որ գործ ունեն ծանր հանցագործության հետ, բայց մինչ այժմ պաշտոնական որակումը մնացել է իբրև թեթև մարմնական վնասվածք պատճառելու գործողություն»,- նշեց նա։

ՔԿ-ից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ նշված դեպքի առթիվ հոկտեմբերի 18-ին քրեական վարույթ է նախաձեռնվել Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում։ Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այսինքն՝ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ այս արարքը պատժվում է հանրային աշխատանքներով` 80-ից 150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: 

Ըստ նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի՝ այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ, համարվում են ոչ մեծ ծանրության հանցանքներ։ Իսկ ծանր են համարվում այն հանցանքները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործը, փաստորեն, որակվել է առողջությանը մի խումբ անձանց կողմից թեթև վնաս պատճառել, ինչը համարվում է ոչ մեծ ծանրության հանցանք։

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ նախաքննությունն իրականացվում է այն վայրում, որտեղ կատարվել է ենթադրյալ հանցանքը, իսկ դա պարզելու անհնարինության դեպքում` ենթադրյալ հանցանքի բացահայտման վայրում:

Հոդվածը սահմանում է նաև այն դեպքերը, երբ ենթադրյալ հանցանքի նախաքննության վայրը կարող է փոխվել։

«Պատշաճության և համակողմանիության ապահովման նպատակով, իրավասու վերադաս դատախազի որոշմամբ, նախաքննությունը կարող է կատարվել ենթադրյալ հանցագործության բացահայտման, դրա հետևանքների վրա հասնելու, ինչպես նաև մեղադրյալների, տուժողների և վկաների մեծամասնության գտնվելու վայրում»,- ասվում է հոդվածի 3-րդ կետում:

ՔԿ-ից խնդրել էինք հայտնել, թե արդյո՞ք քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և ինչ հիմքով։

ՔԿ-ից մեզ հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնելու օրն այն նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ «հաշվի առնելով դեպքի հնչեղությունը և առավել արդյունավետ նախաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը»:

Նշենք, որ Քերական դատավարության օրենսգրքով «դեպքի հնչեղությունը հաշվի առնելով»՝  նախաքննության վայրը փոխելու հիմք նախատեսված չէ:

Ի հավելումն ՔԿ պատասխանի՝ նշենք նաև, որ ՔԿ-ում չկա ոչ ծանր կամ միջին ծանրության հանցագործությունների քննության բաժին։

ՔԿ-ից հայտնել են նաև, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա:

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել