Խստացում, նոր նշաձող. գիտական աստիճանաշնորհման համակարգում նոր փոփոխություններ են սպասվում

 |armenpress.am|
17:23 - 21 նոյեմբերի, 2022

Խստացում, նոր նշաձող. գիտական աստիճանաշնորհման համակարգում նոր փոփոխություններ են սպասվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսել է նոր փոփոխություններ գիտական աստիճանաշնորհման համակարգում: ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը տեղեկացրեց, որ նոր նախագծով առաջարկում են փոփոխություններ՝ մի շարք ուղղություններով:

«Օրինակ, այս պահին գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման համար կա երկու հնարավորություն: Պահանջներից մեկ համաձայն՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ընդունելի տեղական պարբերականներում պետք է ունենալ 6 հատ տպագրություն: Մյուս դեպքում պահանջվում է 3 հատ տպագրություն ունենալ, որից մեկը պարտադիր պետք է լինի գիտատեղեկատվական միջազգային հարթակում, օրինակ, «Web of Science»-ում: Այսօր հումանիտար թևում, ըստ էության, միշտ օգտվում են 6 հատ տեղական պարբերականներում տպագրություն ունենալու հնարավորությունից: Հիմա, առաջարկվող փոփոխություններով, բոլոր դեպքերում գիտատեղեկատվական միջազգային հարթակում տպագրված աշխատանք ունենալը պարտադիր է լինելու»,-ասաց Կարեն Քեռյանը:

Ներկայացնելով Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի փորձը՝ Կարեն Քեռյանը նշեց, որ իրենք գնացել են գիտությունը միջազգայնացնելու ճանապարհով, ինչը պետք է արվի նաև Հայաստանում: Նոր փոփոխություններով՝ ըստ ԲՈԿ-ի ղեկավարի՝ խստացումների, նոր նշաձող սահմանելու հետ գործ ունենք:

«Ակնկալում ենք, որ արդյունքում հայցորդները ավելի շատ ֆինանսավորման հնարավորություն կունենան, նրանց աշխատանքները կլինեն առավել որակյալ: Հիմա մենք տեսնում ենք, որ գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելանում է, այս համատեքստում շատ կարևոր է գործնականում որակյալ աշխատանք ունենալը: Հակառակ պարագայում պարզապես ֆինանսավորումը բարձրացնելը մեզ ոչ մի տեղ չի տանի»,-ասաց Կարեն Քեռյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ մասնագիտական հանրությունը նույնպես ցանկանա մեկ քայլ առաջ գնալ և դա տեսանելի լինի ամեն մակարդակում՝ լինի գիտական պարբերականի գլխավոր խմբագիր, գիտական ղեկավար, թե մասնագիտական խորհուրդ:

Նախագիծն արդեն պատրաստ է և շատ շուտով այն կներկայացվի հանրային քննարկման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել