ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել
 |azatutyun.am|
10:07 - 30 նոյեմբերի, 2022

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Երեկ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բանակցություններից Բաքվի հրաժարվելու պայմաններում արդյոք Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի:

«Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և նաև կիրառում ենք ԵԱՀԿ գործիքակազմը, որը հայ - ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ՝ Հայաստանի դիմումով, բայց նաև շատ շատ աջակցում ենք սահմանին ԵՄ ջանքերին», - շեշտել է Քարփենթերը:

«Մեր նպատակը պարզ է՝ մենք կցանկանայինք տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

«Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ հասնելու այդ արդյունքին», - վստահեցրել է Մայքլ Քարփենթերը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել