Պայմանագրային զինծառայողների համար ատեստավորման դեպքում կսահմանվի հավելավճար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը
10:39 - 07 դեկտեմբերի, 2022

Պայմանագրային զինծառայողների համար ատեստավորման դեպքում կսահմանվի հավելավճար. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց  Կառավարության ներկայացրած  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որով առաջարկվում է հավելավճար սահմանել  ատեսատվորում անցած զինծառայողների համար։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 26 ձեռնպահ ձայներով։

Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի երկրորդ ընթերմամբ քննարկման ընթացքում նշեց, որ օրինագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով։

«Ներկայում արտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը։ Ատեստավորման արդյունքում հավելավճարի իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից, իսկ ատեստավորման արդյունքում հավելավճարի իրավունք ձեռք չբերած զինծառայողները կարող են կրկնակի ատեսավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ձեռք բերելու  դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից»։ 

Պապիկյանը հավելեց, որ օրինագծի վերաբերյալ  «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ընդունվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել