armenpress.am: ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:
Այս մասին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- ասաց Աբրահամյանը:
Ըստ ընթացակարգի՝քրեական հետապնդում չհարուցելու միջնորդությունը դատախազի կողմից բավարարվելու դեպքում, կողմը կարող է նաև ակտը ստանալուց հետո վերադաս դատախազին ներկայացնել բողոք նշված ակտի կապակցությամբ՝ սահմանված 15 օրյա ժամկետում, որից հետո հնարավոր է նաև դատական կարգով բողոքարկումը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:
Վարդազարյանի՝ ձայնագրությունը հրապարակելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, որով նրա լիազորությունները դադարեցվեցին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 4-ին։
comment.count (0)