Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց
 |armtimes.com|
16:12 - 12 դեկտեմբերի, 2022

Քննիչ հանձնաժողովը բազմաթիվ նյութեր է ուղարկել Դատախազություն․ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնյանների անուններ չհնչեցրեց |armtimes.com|

armtimes.com: ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին վերաբերող հարցին:

Ըստ Քոչարյանի՝ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար:

Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին՝ հարցեր տալու համար, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին՝ Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել և ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»:

Այս առթիվ, Քոչարյան խոսքով, մշակվում է օրենսդրական նախաձեռնություն և հունվարին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում: «Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Ուսումնասիրված բազմաթիվ դեպքեր կան, որ առավել ևս զինվորական դատախազությունը պետք է քննի։ Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումների»,- նշեց նա։

Հարցին՝ եթե նյութեր են տրամադրվել գլխավոր դատախազություն, ուստի կա՞ անձանց շրջանակ, որոնց հետ կապված քրեական գործեր պետք է լինեն, կարո՞ղ է մանրամասնել, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, պատգամավորը արձագանքեց․ «Բազմաթիվ նյութեր են ուսումնասիրվել, որոնք բավարար են, որ հանձնաժողովը նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն։ Ակնհայտ է պաշտոնյանների ցանկը, դրանք կոնկրետ պաշտոնյաններ են։ Ես անուններ չեմ հնչեցնի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց. «Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն առհասարակ լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում և հանգեցրել կոնկրետ հետևանքների»։

Ըստ նրա՝ գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, և առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետևաբար, նա առաջարկեց սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ընդդիմությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում՝ հավելելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը:

«Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ և որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաև գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել