Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքում փոխադրումների համար․ Չեխիայի դեսպան
 |azatutyun.am|
11:42 - 19 դեկտեմբերի, 2022

Ռուսաստանն է պատասխանատու Լաչինի միջանցքում փոխադրումների համար․ Չեխիայի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Այն, ինչ կարող է անել հիմա Եվրամիությունը Լաչինի միջանցքի հարցում, համոզվելն է, որ մարդասիրական իրավիճակը տանելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը՝ շեշտելով՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է անմիջականորեն զբաղվեն խնդրի լուծումով։

Ընդգծելով, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն Ռուսաստանն է պատասխանատու այդ տարածքում փոխադրումների համար՝ դեսպանը նկատեց՝ հիմնական կողմը, որից պետք է հարցնել, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ է լինելու հետո և ի՞նչ եք անելու, դա Ռուսաստանն է։

«Նրանք պայմանավորվել են, որ իրենք կապահովեն, որ այդ տարածքում միջանցքը բաց է լինելու և կպահպանվի խաղաղությունը», - ասաց Պիրունչիկը։

Դեսպանը շեշտեց՝ տեղյակ է, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում՝ նկատելով՝ կծիծաղեր Ադրբեջանի պաշտոնական բացատրության վրա, թե դիվանագետ չլիներ։

«Իհարկե դա մի քիչ հիմար տեսք ունի, նկատի ունեմ, պաշտոնական բացատրությունը, որ սրանք բնապահպան ակտիվիստներ են և պատահաբար ձմռան սկզբին, երբ ձյուն է գալիս, երբ ցուրտ է․․․ եթե ես դիվանագետ չլինեի, կասեի՝ եկեք ծիծաղենք այս բացատրության վրա։ Մենք, իհարկե, չենք կարող ծիծաղել ստեղծված վիճակի վրա, քանի որ իրավիճակն իսկապես 120 հազար մարդու ցրտի մեջ է թողնում, նրանք չունեն տարրական բժշկական կարիքներ հոգալու միջոցներ և ունեն մարդասիրական օգնության կարիք։ Դուք հարցրեցիք, թե ի՞նչ անել դրա դեմ, կամ ի՞նչ է անում Չեխիան, կամ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, ինչպես գիտեք Չեխիան Եվրամիության անդամ է, այսպիսով մենք աջակցում ենք Եվրամիության համատեղ գործունեությանը», - ասաց դեսպանը՝ շեշտելով՝ միակ կենսունակ լուծումը կամ երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանագիրը պետք է ձեռք բերվի միայն հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում։

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել