Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների
 |armenpress.am|
21:05 - 21 դեկտեմբերի, 2022

Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների |armenpress.am|

armenpress.am: Արդեն ութ օր շարունակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց նստացույց իրականացնող Արցախի Պետական նախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այն կարծիքին է, որն այս օրերի ընթացքում աջակիցների հետ կարողացել են նվազագույն նպատակին հասնել:

Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Բեգլարյանը: Նրա խոսքով՝այս ակցիաները տարբեր կազմակերպությունների, անձանց համախմբում է իրականացրել, որոնց հիմնական նպատակն է Արցախին օգնելը: Նրա խոսքով, այս օրերին տեղեկատվական բավականին աշխատանք է կատարվել, և շատ կարևոր է, որ տեղեկատվական դաշտում Արցախին առչվող խնդիրները առաջնահերթ են:

«Մեկ այլ կարևոր արդյունք կհամարեի գաղափարների քննարկումը, հանրային քնարկումները»,-ասաց նա:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցը ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկելը պաշտոնյան մեծ ձեռքբերում որակեց՝ նշելով, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց օրեր շարունակ ընթացող ակցիաները ևս դեր են ունեցել, որ խնդրին ուշադրություն դարձվի:

Նա անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու նստացույց չի իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի, ՀՀ կառավարության շենքի առջև և ընտրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը: Ըստ նրա՝ ՌԴ-ն այս խնդրի գլխավոր պատասխանատուներից է որպես միջազգային հանրության լիիրավ անդամ, ՄԱԿ անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և ունի հստակ միջազգային պարտավորություններ, ինչպես մնացած երկրները: Սակայն եթե նստացույց իրականացնեին ՌԴ դեսպանատան առջև, ապա դրանով մեսիջ կհղեին, որ պատասխանատու է միայն ՌԴ-ն, սակայն ՄԱԿ հայաստանյան գրասենյակն է ընտրվել՝ որպես բոլոր երկրներին ներկայացնող կառույց և հիմնական դերակատար:

Ինչ վերաբերում է կառավարության դիմաց ակցիաներ չանելու քննադատություններին, Բեգլարյանն ասաց.

«Այո՛, ՀՀ-ն գլխավոր պատասխանատուներից է, սակայն կառավարության առջև բողոքի ակցիաները նույնպես կարող էին միակողմանի լինել, սա միայն ՀՀ կառավարության պատասխանատվության հարցը չէ: Ես որպես պաշտոնյա ունեմ պաշտոնական էթիկայի և օրենսդրական հարցեր, որոնք ինձ կաշկանդում են ներքաղաքական հարցերի մեջ մտելու համար»: 

Բեգլարյանի կարծիքով՝ իր կողմից պաշտոնեական էթիկայի խախտում կլինի նման ակցիաներին մասնակցելը:

«Եթե կարծեմ, որ ավելի արդյունավետ կլինի այդ ձևով իմ ձայնը բարձրացնել, ապա պարտավորված պետք է համարվեմ աշխատանքից դուրս գալ, հետո նոր ազատ լինեմ իմ քաղաքական գործունեության մեջ»,-ասաց նա:

Բեգլարյանը տեղեկացրեց, որ դադարեցնում է նստացույցը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց և անցնում է պայքարի այլ մեթոդների։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել