aysor.am։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձավ ապրիլի 18-ին կառավարության նիստում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մի հայտարարությանը, որը մամուլում աղմուկ էր առաջացրել։
Նշենք, որ այսօր թերթերից մեկը գրել էր, թե «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ 2018-ին պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար կամ 438 մլն դրամ»։
«Ես կառավարության նիստի տեսագրությունը նայել եմ: Կա երկու ցուցանիշ, կուզեմ, որ դուք իմանաք: Կա հարկային ծախս հասկացություն և կա հարկային պոտենցիալ: Հարկային ծախսը դա այն գումարն է, հանրագումարային այն մեծությունն է, որ հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների պատճառով այդքան թերի են հավաքագրվում պետական բյուջեի եկամուտները:
Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտն, ունենալով արտոնություն, հարկեր չի հավաքագրվում այդ ոլորտից: Կարծում եմ, որ պարոն Ջանուղազյանը… Դուք կարող եք պետական բյուջեի ուղերձ-բացատրագրում նայել, տեսնել, որ հարկային ծախսը գնահատվում է 442 մլրդ դրամ: Հավանաբար խոսքը դրա մասին է եղել, պարոն Ջանջուղազյանը հարկային պոտենցիալ, հարկային ծախս հասկացությունները շփոթել է», - ասաց Անանայանը:
ՊԵԿ նախագահը շեշտեց, որ խոսքը ոչ թե հարկերի հավաքագրման թերակատարման մասին է, այլ՝ հարկային պոտենցիալի հաշվարկման:
«Ֆինանսների նախարարությունը հարկայն պոտենցիալի վերաբերյալ մի հաշվարկ արել, ներկայացրել էր կառավարություն, մենք բոլորս մեր դիրքորոշումը հայտնել էինք դրա վերաբերյալ։ Մեր մտահոգությունների, արգումենտների մեծ մասը ընդունվել է նախարարության կողմից», - հավելեց ՊԵԿ նախագահը։
Գումարը, ըստ Անանյանի, կարող է կորել այն դեպքում, երբ որևէ ոլորտի արտոնություն է տրվում։
«460, 440, 430 մլրդ դրամ հարկային ստվեր կամ այդպիսի հարկային պոտենցիալ գոյություն չունի», - հավելեց Անայանը։
comment.count (0)