Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը
21:13 - 25 դեկտեմբերի, 2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի պատվիրակության հետ քննարկել է Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հաղթահարման քայլերը

Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 25-ին կատարվել է խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, արարողությանը ներկա է եղել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ միասին աղոթք է վերառաքել առ Աստված՝ Հայաստանի և Արցախի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

«Հավարտ արարողության՝ Արցախի պատվիրակությանն ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպմանը պատվիրակության անդամները Հայոց Հայրապետին մանրամասներ ներկայացրեցին Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղված իրավիճակի առնչությամբ, ինչը հանգեցրել է արցախցիների կենսական իրավունքների ոտնահարմանը և արցախահայությանը կանգնեցրել հումանիտար աղետի առաջ։

Դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ զրուցկիցները քննարկեցին իրավիճակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առնչությամբ կարևորելով համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի, Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովելու Արցախին և արցախահայությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հայոց Հայրապետը տեղեկացրել է նաև, որ բոլոր եկեղեցիներում, հընթացս կիրակնօրյա Սուրբ Պատարագների, կկատարվի խաղաղության աղոթք հանուն Արցախի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել