1lurer.am: Թալիբները պետք է անհապաղ չեղյալ հայտարարեն բոլոր օրենքները, որոնք սահմանափակում են կանանց իրավունքները։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ հիշեցնելով երկրի միջազգային պարտավորությունները։
Պաշտոնյան ընդգծել է նաև, որ կանայք «պետք է մասնակցեն և իրենց ներդրումն ունենան երկրի սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են Աֆղանստանը վերահսկող թալիբների որոշումը՝ արգելել կանանց կրթությունը երկրի բուհերում և կոչ են արել հրաժարվել նման միջոցառումից։
Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նշվում է նաև, որ «խորապես անհանգստացած են այն հաղորդումներով, որ թալիբներն արգելել են հասարակական և միջազգային կազմակերպությունների կին աշխատակիցներին աշխատել, ինչը զգալի ու անմիջական հետևանքներ կունենա երկրում հումանիտար գործողությունների վրա, այդ թվում՝ հենց ՄԱԿ-ի»:
Associated Press-ը հիշեցնում է, որ իշխանության գալով՝ թալիբները խոստացել էին ստեղծել ավելի չափավոր կառավարման ձև, ինչպես նաև ապահովել կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այնուամենայնիվ, թալիբները հետագայում արգելեցին աղջիկներին հաճախել միջին և ավագ դպրոցներ, սահմանափակեցին կանանց մուտքը մի շարք մասնագիտություններ, արգելվեց հաճախել այգիներ և մարզասրահներ, ինչպես նաև պահանջվեց ոտքից գլուխ ծածկող հագուստ կրել հասարակական վայրերում:
comment.count (0)