Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանը շնորհավորել է գալիք Նոր տարին և Սուրբ ծնունդը: Տեսաուղերձում մասնավորապես նշված է.
«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,
Փրկարար ծառայողներ, վետերաններ
Ամփոփելով անցնող տարին՝ 2022 թվականը, ցանկանում եմ նշել, որ տարին բարդ էր բոլորիս համար․ պետության առջև ծառացած անվտանգային խնդիրներն անմասն չեն թողել ոչ ոքի, և այդ մարտահրավերները հաղթահարելու, պետությունն ավելի ամրապնդելու առաքելությունը յուրաքանչյուրինս է։
Տարվա ընթացքում հաղթահարել ենք մի շարք փորձություններ, արտակարգ իրավիճակներ, և բոլոր դեպքերում մեր փրկարարները ուժերի գերլարումով, մեծագույն նվիրումով և անձնվեր մոտեցմամբ են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Չնայած դժվարություններին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունն ունեցել է մի շարք ձեռքբերումներ․ շենքային և գույքային բարելավում, տեխնիկական հագեցվածություն, մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային սերտ համագործակցություն և փորձի փոխանակում։
Լիահույս եմ, որ արդեն իսկ դրված ամուր հիմքերի վրա եկող տարում կկարողանանք կառուցել ավելի հզոր քաղպաշտպանական համակարգ, աղետների և ռիսկերի կանխարգելմանը, նվազեցմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Վստահ եմ, որ մշակվող հետագա ռազմավարության շրջանակներում նախատեսվող փոփոխությունները և բարեփոխումները կնպաստեն արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների և ենթակա կառույցների զարգացմանն ու առաջընթացին։
Սիրելի՛ քաղաքացիներ, գործընկերներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ, որ մեր պետությունը 2023 թվականին զերծ մնա արտակարգ իրավիճակներից, սահմանին տիրի խաղաղություն, իսկ մեր ընտանիքներում հաջողությունները լինեն անպակաս»։
comment.count (0)