Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
17:12 - 10 հունվարի, 2023

Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի  Ֆուկուշիման հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից:

«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել