Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ |armenpress.am|
13:10 - 30 ապրիլի, 2019

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է խոշոր հարկատուներից բացի մնացած բոլոր տնտեսվարողներին մտցնել շրջանառության հարկի դաշտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանը կոչ է անում պարզեցնել հարկային քաղաքականությունը և բացի խոշոր հարկատուներից՝ մնացած բոլորին հարկել շրջանառության հարկով: 

Բագրատյանը նման տեսակետ հայտնեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին:

«Քաղաքական հեղափոխությունը պետք է վերաճի տնտեսական հեղափոխության: Առաջարկում եմ դրա բանալիներից մեկը: Պետք է գնանք հարկային քաղաքականության պարզեցման ճանապարհով, իսկ պարզեցման համար պետք է գործիքակազմ տանք:

Շրջանառության հարկի շեմի բարձրացումը շատ թույլ գործիք է: Եթե համարձակ հեղափոխության գնանք, կարող ենք խոշոր հարկատուի հատվածը հանել, մնացած ամբողջը մտցնել շրջանառության հարկի դաշտ՝ գտնելով լավագույն գործակիցը, դա կարող է լինել 7, 10 կամ 20 տոկոսը: Բայց պետք է լինի այն լավագույն գործիքը, որը բյուջեի ակնկալվող մուտքերի վրա ոչ միայն բացասական չի ազդի, այլ նաև դրական ազդեցություն կունենա»,-ասաց Բագրատյանը:

Նրա կարծիքով՝ ներդրումներ բերելու, տեղական տնտեսությունը զարգացնելու ու արտահանումը խթանելու իմաստով պարզեցնելը լավագույն ճանապարհն է: Բագրատյանի կարծիքով՝ քաղաքացիները ցանկանում են պարզ հարկային օրենսդրությամբ աշխատել:

«Քաղաքացին պետք է իմանա, որ օրինակ 100 դոլար աշխատեց, դրանից 10 դոլարը պետք է տա պետությանը՝ որպես հարկ: Կոչ եմ անում, խոշոր հարկատուներին հանած, մնացած ողջ տնտեսական դաշտը մտցնել շրջանառության հարկի տակ: Եվ կտեսնենք, որ 5 տարի անց մենք կունենանք լրիվ այլ տնտեսություն, այլ մոտեցումներ»,-եզրափակեց պատգամավորը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է շրջանառության հարկի շեմը դարձնել 115 մլն դրամ՝ ներկայում գործող 58,35 մլն դրամի փոխարեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել