ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար
 |news.am|
12:35 - 25 հունվարի, 2023

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար |news.am|

news.am: ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատանքը Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու համար։ Այս մասին РБК-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ՝ կազմակերպության բարձրագույն մարմինը) «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծ է մշակել։

«Բացի Երեւանին այլ աջակցություն ցուցաբերելուց», սա ենթադրում է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելության ուղարկում եւ այդպիսի առաքելության չափի, մանդատի եւ աշխատանքի ժամկետների որոշում։ Նախագիծը «գտնվում է բարձր աստիճանի պատրաստվածության մեջ, սակայն ՀԱՊԿ ՀԱԽ վերջին նիստում չի հաջողվել ընդունել այս փաստաթուղթը»։ «Դրա վրա աշխատանքը շարունակվում է։ Համաձայնեցման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- նշել է Զայնետդինովը՝ նշելով, որ թվի եւ ժամկետների վերաբերյալ կոնկրետ թվեր նշելը այժմ վաղաժամ է։

«Որոշումը, որի մասին խոսում է ՀԱՊԿ ներկայացուցիչը, համաձայնեցվել է նոյեմբերին Երեւանում կազմակերպության պետությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթաժողովում։ Այն ժամանակ Փաշինյանը հրաժարվեց հավանություն տալ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Պատճառն այն է, որ դաշնակիցները հրաժարվեցին քաղաքական գնահատական տալ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ առաքելություն ուղարկելը չպետք է կապվի Բաքվին դատապարտման հետ։ «Եթե խոսքը վերաբերում է դատապարտմանը, հռետորաբանությանը, դիրքորոշումների ներկայացմանը, ապա յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ ուզում է։ Բայց եթե մենք ուզում ենք ՀԱՊԿ առաքելություն ուղարկել, ապա դա պայմանավորված չէ արտաքին նշաններով եւ կոշտ հայտարարություններով»,- ասել էր նախարարը։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են երկարաժամկետ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Սա երկրորդ նման որոշումն է։ Մինչ այս հոկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի եւ Փաշինյանի հանդիպումից հետո 40 քաղաքացիական փորձագետներ հայկական կողմից սահման են գործուղվել։ Նրանք տեղում աշխատել են երկու ամիս՝ մինչեւ դեկտեմբերի 19-ը։ Այս առաքելությունը կսկսվի մոտավորապես փետրվարին եւ կտեւի երկու տարի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել