Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
16:44 - 25 հունվարի, 2023

Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ․ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայտարարություն է տարածել Բեռնի Կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի կողմից արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մասին․ 

«2023թ․ հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի Կոնվենցիա) շրջանակներում արբիտրաժային վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել ․․․․ համագործակցությունը» պետությունների միջև միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։ Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի Կոնվենցիայի մոնիտորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։

Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային վարկանիշը ինքնին վկայում է այդ մասին։ Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի Կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով» ,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ Հայաստանին մեղադրելով իբր իր տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ: Երկրի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի «ապացույցներ» է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել