Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր
 |hetq.am|
16:27 - 26 հունվարի, 2023

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 1 մլրդ 78 մլն դրամ և մի շարք անշարժ գույքեր |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սեյրան Օհանյանի, կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և նրանց հետ փոխկապակցված Աննա Բադալյանի և Ֆիանսիայի քաղաքացի Ժակ Պիեռ Ֆովոյի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանում հայցադիմումը ներկայացնում էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը: Դատական նիստին մասնակցում էր միայն Սեյրան Օհանյանը՝ առանց իր հետ փոխկապակցված անձանց և փաստաբանների:

Նշենք, որ Աննա Բադալյանը Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է, իսկ Ժակ Պիեռ Ֆովոն՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին հյուպատոսը:

Գևորգ Քոչարյանը 2022թ. դեկտեմբերին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ, սակայն դատարանը՝ դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, նշեց, որ Քոչարյանը ներկայացնի սկզբնական հայցադիմումը, որից հետո՝ միայն միջնորդությունը:

Ներկայացնելով հայցադիմումը, Գ. Խաչատրյանը նշեց, որ պահանջում են հօգուտ Հայաստանի Հանրապետության Սեյրան Օհանյանից և Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել LEXUS ԼX 570 մակնիշի 2009թ. արտադրության ավտոմեքենան:

Աննա Բադալյանից բռնագանձել իր անվամբ գրանցված, սակայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տարածքի և նույն փողոցի այլ հասցեում գտնվող շինության համապատասխան մասնաբաժինները:

Նշենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով՝ անձին պատկանող գույք է համարվում նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, կամ որի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել, բայց որի իրական շահառու է հանդիսանում տվյալ անձը:

Դատախազությունը խնդրում էր նաև Ժակ Պիեռ Ֆովոյից բռնագանձել օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող Երևան քաղաքի Վահագն թաղամասում գտնվող բնակելի տունը:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ գույքի բռնագանձման անհնարինության դեպքում պետք է բռնագանձել նշված գույքերի միջին շուկայական արժեքները:

Բացի այդ, դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել 477.473.907 դրամ՝ որպես 2018-2019թթ. ընթացքում պարտատոմսերի մարումից և 2021թ. Նալբանդյան փողոցի 98 շենքի 3 բնակարանների վաճառքից գոյացած գումարների ապօրինի ծագում ունեցող և չծախսված մասը: Ինչպես նաև 600.762.179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2008-2018թթ. ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողների:

Դատախազությունը խնդրում է վերը նշված դրամական պահանջը բավարարել, ինչպես Սեյրան Օհանյանին պատկանող, այնպես էլ այլ անձանց անվամբ գրանցված, սակայն օրենքի իմաստով Սեյրան Օհանյանին պատկանող ակտիվների հաշվին: Այդ թվում՝ Աննա Բադալյանի անվամբ գրանցված Նալբանդյան փողոցի անշարժ գույքի, Ժակ Պիեռ Ֆովոյի Վահագնի թաղամասի առանձնատան օրինական եկամուտներով հիմնավորվող մասերի, ինչպես նաև Բենիամին Ղալեչյանի անվամբ գրանցված Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի գույքի կառուցապատման իրավունքի հաշվին:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ Բ. Ղալեչյանը հանդիսանում է Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի ազգականը: Իսկ այդ գույքի իրական շահառուն Ս. Օհանյանն է:

Գևորգ Քոչարյանը թվարկեց նաև փաստական տվյալներ, որոնք հայցադիմումի հիմքն են կազմում: Մասնավորապես նշեց, որ Սեյրան Օհանյանի 2009թ. ներկայացված հայտարարագրի համաձայն, կնոջը՝ Ռուզաննա Խաչատրյանին 34 մլն 770 հազ դրամի չափով նվիրատվություն է փոխանցել: Իսկ Ռուզաննա Խաչատրյանը հայտարարագրել է նշված գումարային արժեքով LEXUS մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այն չի համապատասխանում Ճանապարհային ոստիկանությունից ստացված տվյալներին: LEXUS ԼX 570 մակնիշի ավտոմեքենան Ռ. Խաչատրյանի անվամբ  հաշվառվել է 2011թ. հոկտեմբերի 3-ին, ինչն էլ հիմք է ընդունվել: Բացի այդ, ավտոմեքենայի համար Ռ. Խաչատրյանի կողմից վճարման փաստը հավաստող տեղեկություններ չեն եղել բանկային քաղվածքներում և դատախազությունը հիմք է ընդունել հայտարարագրված 34 մլն 770 հազ դրամը:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ ավտոմեքենայի ձեռքբերումը օրինական եկամուտներով, հիմնավորվում է 3,29%-ով:

Հաջորդ գույքի մասով նշվեց, որ 2009թ. հուլիս ամսին Սեյրան Օհանյանի նախկին օգնական Արթուր Առաքելյանի կողմից կանխիկ մուտքագրված գումարներից 198,199 000 և 62,378,100 դրամի չափով փոխանցումներ են արվել՝ Նալբանդյան փողոցի 98 շենքում գտնվող երկու բնակարանի և տարածքի համար:

Այդ գործարքները Գլխավոր դատախազությունը համարել է Սեյրան Օհանյանի կողմից կատարված:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ 2009թ. հուլիսի 3-ի դրությամբ (մինչև օգնականի կողմից գումարների փոխանցումը) Օհանյանի օրինական եկամուտներից դրամական միջոցների մնացորդը կարող էր կազմել ընդամենը 865,116 դրամ: Այլ կերպ ասած՝ Նալբանդյան փողոցի տարածքի օրինական մասը կազմում է 0,44%, իսկ 2 բնակարանի օրիանականությունը, ըստ Քոչարյանի, չի հիմնավորվում օրինական եկամուտերով:

Նույն տարվա հուլիսի 30-ին Ա. Առաքելյանի անվամբ 900,000 ԱՄՆ դոլար վարկ է ստացվել «Արցախբանկ»-ից և փոխարկվել դրամի: Նույն օրը փոխանցումներ են կատարվել Նալբանդյան փողոցի վրա գտնվող երկու անշարժ գույքերի համար:

Սեյրան Օհանյանը, ընդհատելով դատախազության ներկայացուցչին, հայտնեց, որ նշված գույքերն իրենը չեն:

«Գտնում եմ, որ փաստաբանները պետք է լուրջ ուսումնասիրեն, ծանոթանան ինչի մասին, որ խոսվում է: Մեծամասնությանը ես չեմ տիրապետում: Առաջարկում եմ փաստաբաններն ուսումնասիրեն»,- հայտնեց Օհանյանը, հավելելով, որ ինչի մասին դատախազությունը խոսում է, զգալի մասին չի տիրապետում, իսկ գործի նյութերն իր մոտ չեն:

Ըստ էության Օհանյանը միջնորդում էր դատական նիստը հետաձգել: Սակայն, դատարանը որոշեց, որ դատախազությունը ներկայացնի հայցադիմումի առարկան, և քանի որ գործի քննությունը չի ավարտվում, կատարվելու են որոշ դատավարական գործողություններ։ Օհանյանն իր դիրքորոշումը կարող է ներկայացնել փաստաբանների հետ քննարկելուց հետո:

Սեյրան Օհանյանն առարկեց, հայտնելով՝ ստացվում է, ինքը պետք է նստի ու միայն լսի: Ըստ Օհանյանի, ստեղծված վիճակը հավասարազոր է նրան, որ նիստն առանց իրեն տեղի ունենա: Դատարանը որոշեց նիստը շարունակել:

Շարունակելով տվյալների ներկայացումը, Գ. Քոչարյանը հայտնեց, որ 2009թ. սեպտեմբերին Արթուր Առաքելյանի կողմից ևս 48,468,420 դրամի փոխանցում է կատարվել Նալբանդյան 98 շենքի 25 տարածքի  համար: Այդ գումարը, ըստ Գ. Քոչարյանի, չի հիմնավորվել օրինական եկամուտներով, օրինական է համարվել միայն դրա 0,85%-ը: Ամփոփելով 25 տարածքի վերաբերյալ տարբեր փոխանցումները, Քոչարյանն ասաց, որ օրինական եկամուտներով փոխանցում է համարվել ընդհանուր փոխանցված գումարների միայն 81,79%-ը:

Ինչ վերաբերում է Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ գրանցված Վահագնի թաղամասի առանձնատանը, Գևորգ Քոչարյանը նշեց, որ տարածքի հողամասը 2019թ. փետրվարին 160 մլն դրամով ձեռք է բերվել «Հովնանյան» Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից՝ Զարուհի Բադալյանի կողմից (Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է): Հողամասն ունի 4000քմ մակերես:

Նշված գույքի դիմաց փոխանցումները, բանկային քաղվածքներով, չեն հայտնաբերվել: Սակայն, քանի որ առուվաճառքի պայմանագրում նշված է, որ գումարն ամբողջությամբ վճարված է, դատախազության կողմից վճարում կատարելու փաստն ընդունվել է պայմանագրի կնքման օրը:

Գևորգ Քոչարյանը նշեց, որ այդ գույքի իրական շահառուն ևս հանդիսանում է Սեյրան Օհանյանը, ուստի այդ գույքի ձեռքբերման օրվա դրությամբ հաշվարկվել է վերջինիս օրինական եկամուտները: Օրինական գումարների մնացորդների բացակայության պայմաններում, նշված անշարժ գույքի ձեռքբերումն ամբողջությամբ գլխավոր դատախազությունը համարում է ապօրինի:

Նշված հասցեում իրականացվել է շինարարություն. կառուցվել է առանձնատուն: Դրա ներդրումային արժեքի, այսինքն՝ կատարված ծախսերի ուղղությամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ըստ Գ. Քոչարյանի, 2021թ. ստացված փորձագիտական եզրակացությամբ փորձագետները նշել են, որ կառուցապատման համար, 2019թ. տվյալներով, կարող էր ծախսվել 648,700,000 դրամից մինչև 716,980,000 դրամ:

Նշված շինարարությունը սկզբում իրականացվել է առանց թույլտվության և տևել է տարիներ: Միայն 2019թ.-ին է ստացել արտաքին ավարտուն տեսք, իսկ ներքին հարդարման աշխատանքները դեռևս ավարտված չեն: Գևորգ Քոչարյանն ասաց, որ բավարար ապացույցներ չեն կարողացել ձեռք բերել, թե երբ, ինչ ծավալի աշխատանքներ են կատարվել:

Սակայն, հիմք ընդունելով, որ շինարարությունն իրականացվել է մինչև 2019թ., իսկ շինարարական ծախսերը նախորդող տարիներին ողջամտորեն ավելի պակաս պետք է լինեին, քան 2019-ին (գնաճով պայմանավորված), փորձաքննությամբ կատարված ներդրումային արժեքներներից, որպես կատարված ծախս, ընդունվել է նվազագույն արժեքը՝ 648,700,000 դրամը:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ նշված ծախսը Սեյրան Օհանյանի օրինական եկամուտներով հիմնավորվում է 108,053,358 դրամով, կամ՝ 16,68%-ով:

Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ 2020թ. մայիսի 22-ին Ժակ Պիեռ Ֆովոյի անվամբ 6 մլն 4 հազար 590 դրամ փոխանցում է կատարվել բյուջե՝ նշված հասցեի ապօրինի կառույցի օրինականացման համար:

Բոլոր ծախսերը հաշված՝ (հողամաս, կառուցապատում, օրինականացման համար վճարում) նշված գույքի օրինականությունը հիմնավորվել է 14%-ով:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել